Փոխնախարար Գևորգ Լոռեցյանը կալանավորվել է
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին, նրա վարորդին և ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին մեղադրանք է առաջադրվել: Դատարանի կողմից նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: «Արմենպրես»-ին հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ից հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար:
Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան