ՀՀ բնակչության սեռա-տարիքային կազմը ձևախեղված է.«Ամենամեծ խնդիրն ունենք 15-24 տարեկան խմբում»
«Ունենք դեռևս նվազող բնակչություն։ Վերջին ինը ամսվա կտրվածքով բնակչությունը նվազել է մոտ 7600-ով, իսկ մինչ այդ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2 մլն 957.5 հազար էր։ Այս տարվանից պետք է շատ կտրուկ անկում ունենայինք, բայց գրանցվել է հակառակ պատկերը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների անկման տեմպը բավականին նվազել է։ Իսկ 2017, 2018 թվականներին ունեցել ենք ծնունդների 10% անկում։ Իսկ այս տարվա առաջին ամիսներին նախորդ տարվա համեմատ ծնունդների 0.1% անկում է եղել»,- այս մասին այսօր ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանը։
Մարկոսյանի խոսքով, 2011 թվականից մինչ այսօր ամուսնությունների թվաքանակը ամենաբարձր ցուցանիշն է գրանցել. «Այս տարի, նախորդ տարվա համեմատ մենք մոտավորապես 682-ով ավելի ամուսնություն ունենք։ Ինչպես նաև 30-ով նվազել են ամուսնալուծությունները։ Բայց դինամիկան դրական է։ Վերջին երեք տարիներին նվազում էր ապրում մահացությունների թիվը, սակայն այս տարի որոշակի աճ կա։ Այսինքն՝ մենք դեռևս ունենք նվազող բնակչություն»։
Բնակչության սեռա-տարիքային կազմը, Մարկոսյանի խոսքով, ձևախեղված է. «Ամենամեծ խնդիրն ունենք 15-24 տարեկան խմբում։ Սա մեծ խնդիր է, քանի որ առաջիկա տարիներին ամուսնությունների թվի վրա դա կարող է ազդել»։
Նշենք, որ 1992-1997 թվականների ընթացքում ՀՀ-ում ծնվել է միջին հաշվով 251 հազար մարդ, 1998-2002 թվականներին՝ 175 հազար ծնունդ, իսկ 2002-ից ծնունդների թիվն աճել է՝ պայմանավորված 1970-ականներին ծնված սերնդի ամուսնական տարիքով։
«Իսկ 2004 թվականից մենք կորցրել ենք ժողովրդագրական աճ գրանցելու մեր բոլոր հնարավորությունները։ Ներկայում էլ մոտեցել ենք այն փուլին, որ կրկին ծնունդների անկում է սպասվում, բայց մենք ամեն ինչ պետք է անենք, որ ոչ թե միայն անկում չլինի, այլ նաև օգտվենք այն հնարավորություններից, որ ունենք առաջիկա 5-6 տարում, քանի որ մոտենում ենք այն հատվածին, որ ունենալու ենք ամուսնությունների և ծնելիության թվաքանակի անկում՝ կապված ներկայում 15-24 տարեկանների թվաքանակի անկման հետ»,- նշեց Արտակ Մարկոսյանը։
Մարկոսյանի խոսքով, 2007 թվականին առաջնեկների թվաքանակի աճ է գրանցվել, այդ ժամանակ երեխաների ընդհանուր կարգաթվում առաջնեկների թիվը կազմում էր 52%, իսկ այժմ հենց առաջնեկների թվաքանակն է ամենամեծ անկումն ապրում։
«Երկրորդ երեխաների պարագայում ևս այդ անկումը նկատվում է 2010 թվականից հետո։ Իրավիճակը վերջին 8-9 տարում փրկում են երրորդ և հաջորդ երեխաները։ Այժմ նկատվում է երրորդ և չորրորդ երեխաների ծնունդի աճ։ Բայց այս երրորդ և հաջորդ երեխաների ծնունդն էլ բերում է մեկ այլ խնդիր։ Ճիշտ է՝ մենք ունենում ենք երեխաների թվաքանակի աճ, սակայն մանկական աղքատության աճ է այն հետապնդում։ Ընդհանուր առմամբ, 2017 թվականի տվյալներով, նորածին երեխաների ընդհանուր կարգաթվում 6817-ը երրորդ երեխաներն են»,- նշեց Արտակ Մարկոսյանը։
Ներկայացնելով երեխաների սեռերի հարաբերակցությունը՝ Արտակ Մարկոսյանը նշեց, որ առաջին երեխայի դեպքում 100 աղջկա համեմատ 103 տղա է ծնվում, իսկ երկրորդի ժամանակ՝ 100 աղջկա դեպքում 107 տղա. «Երրոդ երեխաների դեպքում արդեն խնդիր կա։ Այս դեպքում 100 աղջկա դեպքում ծնվում է 130 տղա։ Խնդիրն այն է, որ ամուսնության տարիքում մենք կորցնում ենք և՛ մայրական կազմ, և՛ երեխաների մեծ թվաքանակ։ Սեռով պայմանավորված աբորտների և ծնվող տղաների թվաքանակի մեծության հետևանքով, վերջիններս մնալու են առանց ամուսնական զույգի»։
Ընդհանուր առմամբ, ՀՀ բնակչության 0-24 տարեկանների խմբում 50 հազար հավելյալ տղա կա։
«Նորմալ պարագայում այդ թիվը կազմում է 18-20 հազար»,- եզրափակեց խոսքը Արտակ Մարկոսյանը։
Նշենք, որ քննարկումը կազմակերպել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան