Հրանուշ Խառատյան․ Կեղծիքը պատմության մեջ քաղաքական ծրագիր է, որը ոչ միայն ինչ-որ ինֆորմացիա պնդելն է, այլ նաև այն շրջանցելը
«Թուրքերի ու ադրբեջանցիների կողմից պատմության կեղծումը նոր բան չէ և ոչ էլ անակնկալ է։ Դեռևս Քեմալ Աթաթուրքը հիմնադրեց պատմության ձևավորման նախագահական պատվերը՝ ուղղակիորեն ասելով՝ ինչի մասին պետք է գրել ու ինքը մասնակցում էր պատմության շարադրմանը»,-այս մասին այսօր ասաց ազգագրագետ, կովկասագետ Հրանուշ Խառատյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին՝ Թուրքիայի նախագահի կողմից պատմության ակնհայտ կեղծմանը, երբ վերջինս հայտարարել էր, թե հայերը «քոչվոր» էին։
Հրանուշ Խառատյանի խոսքերով, այս երևույթը կար նաև ԽՍՀՄ-ում, Ստալինը ևս պատմության հեղինակ էր, որը հիմք դրեց, թե խորհրդային երկիրն ինչպես պետք է պատմություն մատուցի։
«Մենք մինչև հիմա այդ կեղծիքի մեջ ենք։ Օրինակ, եթե հարցնենք, երբ է ԽՍՀՄ-ը կազմավորվել, կասեն 1922թ․-ի դեկտեմբերի 30-ի պայմանագրով։ Սա սուտ է, նման պայմանագիր չի եղել, բայց մինչև հիմա մեր դասագրքերը գրում են դրա մասին։ Վստահ եմ, չեն ուզում կեղծել, ուղղակի չգիտեն, որ չի եղել։ Դա պետական մակարդակի բացարձակ մի սուտ էր, որն ակնհայտ ցույց է տալիս, թե ինչպես է քաղաքականությունը ձևավորում կոլեկտիվ գիտելիքն ու կոլեկտիվ հիշողությունը։ Մեր բոլորի, ամբողջ ԽՍՀՄ տարածքի բնակչության կոլեկտիվ գիտելիքը դա է։ Ես գործածում եմ գիտելիք բառը, բայց դա կեղծիքն է, որը դարձել է կոլեկտիվ գիտելիք։ Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան մասնավոր չեն և կեղծիքը պատմության շարադրանքներում համատարած երևույթ է»,-ասաց Հրանուշ Խառատյանը։
Առանձին գիտնականներ, Խառատյանի խոսքերով, փորձում են ազնիվ լինել կամ իրենց գիտելիքը աղբյուրի հետ հիմնավորել, սակայն մյուս կողմից, օրինակ խորհրդային կեղծիքի, աղբյուրը պետք է լիներ հենց բուն այդ պայմանագիրը։
«Որևէ մեկը տեսե՞լ է պայմանագիր, որը ԽՍՀՄ-ը 1922թ․-ի դեկտեմբերի 30-ին ԽՍՀՄ պատգամավորների առաջին համագումարի կողմից ստորագրված և ընդունված պակտ է։ Կեղծիքը պատմության մեջ քաղաքական ծրագիր է, որը ոչ միայն ինչ-որ ինֆորմացիա պնդելն է, այլ որևէ ինֆորմացիա շրջանցելը, լռեցնելը։ Հիմա մենք մի կողմից ունենք շրջանցվող գիտելիք, մյուս կողմից՝ մատուցվող որպես օբյեկտիվ իրականություն»,-ասաց Հրանուշ Խառատյանը։
Panorama․am-ի դիտարկմանը, որ որպես պատմության ֆալսիֆիկացիայի օրինակ, Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որ իրենք աղվանների ժառանգներն են Կովկասում՝ իրենց երկար պատմությունն ապացուցելու համար Հրանուշ Խառատյանն ասաց, որ Ադրբեջանը 20-րդ դարում 3 ուղղության վրա էլ աշխատում էր՝ իրանական, կովկասյան և թուրքական։
«Այս պահին դարձյալ թուրքականն առաջատարն է։ 1937թ․-ից սկսած Ադրբեջանի ադրբեջանցի էթնոսի համար պետք էր ստեղծել ոչ թուրքական անցյալ, իսկ ոչ թուրքական անցյալը կովկասյան պետք է դառնար։ Ամենաֆանտաստիկն այն է, որ նրանք արդեն ուզում են հրաժարվել կովկասյան ժողովուրդների, այսինքն աղվանների ժառանգությունից իրենց էթնոգենեզում։ Մինչև չկայանա այդ էթնոսը քիչ թե շատ հեռահար հասկանալու, թե իր արմատը որն է, միշտ պետք է այդպիսի խնդիրների առաջ կանգնի։ Այսինքն, քաղաքական անհրաժեշտությունը հաճախ ինքը թելադրում է պատմությունը կեղծելու կարիքը, և սա համատարած դեռ երկար շարունակվելու է»,-ասաց Հրանուշ Խառատյանը։
Նշենք, որ եկտեմբերի 6-7-ին Երևանում անցկացվում է «Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրակույթների և զեղծարարությունների լույսի ներքո» միջազգային գիտաժողովը, որի շրջանակներում էլ Panorama.am-ն անցկացրեց Հրանուշ Խառատյանի հետ հարցազրույցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան