Նոյեմբերին բանջարեղենի գնաճը կազմել է 20.1% , մրգինը՝ 3.5%
2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.6% գնաճ, ինչին մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 3.5% և 20.1% գնաճերը:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 10.6%, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 20.1% գնաճ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 14.5-25.4%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք.Իջևանում: Մայրաքաղաքում բանջարեղենի գներն աճել են 20.5%-ով:
Մրգի ապրանքախմբում 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 4.3%, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ`3.5% գնաճ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի գներն աճել են 0.6-10.4%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավառում: Մայրաքաղաքում մրգի գների մակարդակն աճել է 3.9%-ով:
2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 14.0%:
Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.08% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.3 տոկոսային կետով: