«Թալիշական սփյուռք» ՀԿ նախագահ Շաբանով․ Ադրբեջանն ամեն գնով հեռացնում է բնիկ ժողովուրդներին իրենց տարածքներից
Դեկտեմբերի 6-7-ին Երևանում անցկացվում է «Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրակույթների և զեղծարարությունների լույսի ներքո» միջազգային գիտաժողովը, որի շրջանակներում Panorama.am-ը հարցազրույց է անցկացրել ՌԴ «Թալիշական սփյուռք» ՀԿ-ի նախագահ Իսմայիլ Շաբանովի հետ։
Panorama.am-Պարոն Շաբանով, ինչպե՞ս եք գնահատում այսպիսի գիտաժողովների անցկացումը ազգային փոքրամասնությունների խնդիրների բարձրաձայնման ու լուծման համար։
Շաբանով-Անկեղծ, ես շատ բարձր եմ գնահատում։ Տեսեք, որքան գիտնականներ են ներկա այսօրվա գիտաժողովին, ելույթներ կան թալիշների մասին։ Սա խոսում է այն մասին, որ վերջապես ուշադրություն է հրավիրվում թալիշների խնդրի վրա և մեզ շրջապատող հարևաններն անտարբեր չեն մեր խնդրին։ Սա հարգանքի է արժանի։
Panorama.am-Պարոն Շաբանով, ի՞նչ կասեք այն տեղեկությունների մասին, որ Ադրբեջանը շփման գիծ է ուղարկում հատկապես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ նաև դրանով իրականացնելով իր էթնիկ զտման խնդիրը։
Շաբանով-Այս մասին մենք հաճախ ենք խոսում, սա մեր ազգի մեծ դժբախտությունն է, նրանց ուղարկում են Ղարաբաղ, պատերազմ, սա ցեղասպանություն է։ Նրանց համար կարևոր է՝ ամեն գնով հեռացնել բնիկ ժողովուրդներին իրենց տարածքներից ու այնտեղ բնակեցնել իրենց եղբայրներին։ Սա նորություն չէ։ Օրինակ լեզգիների գյուղերը, որտեղից հանեցին լեզգիներին ու բնակեցրին այն նախիջևանցիներով, անգամ փոխեցին գյուղի անունը։ Եվ սա տեղի է ունենում 21-րդ դարում ու այն արվում է ակնհայտ։ Ես երկրորդ նման պետություն չգիտեմ, որ կարող էր իրեն այդպիսի բան թույլ տար՝ հազարավոր մարդիկանց դուրս հանել իրենց գյուղերից, էլ ինչի՞ մասին կարելի է խոսել։
Panorama.am-Արդյոք, դուք ունե՞ք կապեր միջազգային կառույցների հետ, մասնավորապես Եվրոպայի խորհրդի հետ, որը զեկույցներ է պատրաստում երկրներում ազգային փոքրամասնությունների մասին, որպեսզի ներկայացնեք նաև ձեր մոտեցումները։
Շաբանով-Կան, իհարկե, մենք ամեն տեղ այդ մասին խոսում ենք։ Խնդիրն այն է, որ միջազգային կազմակերպությունները, դիվանագետները բարձր մակարդակով մեզ ասում են, որ Կովկասը Ռուսաստանի ազդեցության գոտին է, դիմեք նրանց։ Նրանք մեզ ասում են, մենք սիմպատիայով ձեր կողմից ենք, հասկանում ենք ձեր խնդիրը, բայց մենք չենք կարող ազդել Ադրբեջանի վրա, այս խնդիրների մասին խոսեք ռուսների ու իրանցիների հետ, նրանք ձեզ ավելի շատ կօգնեն, իսկ մենք ձեզ կաջակցենք։ Եվրոպան չի կարող ինչ-որ բան անել Կովկասում։ Ռուսաստանն ու Իրանը պետք է պայմանավորվեն ու ինչ-որ որոշում կայացնեն։ Եվ այստեղ Հայաստանի դերն էլ շատ մեծ է։
Panorama.am-Ի՞նչ կարող է անել Հայաստանը։
Շաբանով-Հայաստանը ազդեցիկ պետություն է, հայերն ազդեցիկ են։ Հայաստանի դերը միջազգային հարաբերություններում շատ բարձր է։ Հայաստանը չի կարող անտարբեր լինել այս իրավիճակին։ Այսպես չի կարելի ապրել, պետք է ինչ-որ բան անել։
Նշենք, որ գիտաժողովին Հայաստանցի գիտնականներից բացի, մասնակում են մոտ 20 օտարերկրյա մասնագետներ և հասարակական գործիչներ Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներից թալիշների, լեզգիների, ավարների, օսերի և այլոց ներկայացուցիչներ: