Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է
Հայաստանի և հարակից տարածքներում այս տարվա ընթացքում մինչև դեկտեմբերի 7-ը գրանցվել է 1422 երկրաշարժ: 2018-ին գրանցվել է 1394 երկրաշարժ, 2017-ին՝ 1131: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանն ասաց, որ ներկայացված թվերից պարզ է դառնում, որ վեջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակը մեծացել է:
Ներկայացված տվյալներով, Հայաստանում այս տարի գրանցվել է 363 երկրաշարժ, 2018-ին՝ 332, 2017-ին՝ 219, Արցախի տարածքում՝ համապատասխանաբար՝ 78, 42, 19: Հրաչյա Պետրոսյանն ասաց, որ Հայաստանի բնակչության կողմից զգացվել է համապատասխանաբար՝ 21, 10, 20 երկրաշարժ, այսինքն այս առումով աճ չի գրանացվել:
«Մենք գրանցել ենք թույլ ցնցումներ, բայց միջին ուժի, առավել ևս ուժեղ ցնցումների մասով մենք աճ չունենք»,- ասաց մասնագետը:
Նրա խոսքով, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանում գրանցված ամենաուժեղ երկրաշարժը եղել է 1992 թվականի դեկտեմբերի 24-ին, Մարտունի քաղաքի մոտ՝ 7 բալ ուժգությամբ:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդականի խոսքով, այսօրվա դրությամբ իրենց տվյալները որևէ հիմք չեն տալիս ենթադրելու, որ մոտ ապագայում սպասում է ուժեղ երկրաշարժ:
Նա նշեց, որ երկրաշարժը բնական, երկրաբանական երևույթ է, կանխարգելել չեն կարող:
Հարակից հրապարակումներ`
- Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք
- Երկրաշարժ Շիրակում
- Երկրաշարժի կենտրոնը՝ Շիրակում
- Երկրաշարժ՝ Հայաստանի տարածքում
- Երկրաշարժ՝ Արցախում
- Նոր երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք