Տնտեսագետների քննադատություններին նորմալ ենք վերաբերվում. Ջանջուղազյան
Տնտեսական քաղաքականության ուղղությունները հստակ ամրագրված են ՀՀ կառավարության ծրագրում։ Այս մասին այսօր լրագրողների հետո հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով հարցին, թե որոշ տնտեսագետներ մտահոգություն են հայտնում, որ կառավարության գործողություններում տնտեսական հստակ քաղաքականություն չկա, դրա համար էլ ներդրումներ չեն գալիս մեր երկիր։
«Մենք ասել ենք՝ պետք է ունենալ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, մրցունակության բարձրացմանն ուղղված, մասնակցային, ներառական տնտեսություն և դրա ուղղությամբ քայլեր են իրականացվում»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ քննադատություններին նորմալ են վերաբերվում։ Ըստ նրա՝ միգուցե լավ կլիներ, որ մեկ փաստաթղթում ներկայացված լինեին բոլոր միջոցառումները, սակայն ներդրումային միջավայրի վրա ազդում են բազմաթիվ գործոններ, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին։
Ինչ վերաբերում է ներդրումներին, Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ կա նաև գաղափարական կաշկանդվածություն, թե ներդրումների համար նախատեսված գումարները պետք է դրված լինեն ինչ-որ «սև արկղի» մեջ, և ինչ-որ մեկը պետք է գա այստեղ ու իրականացնի խոշորամասշտաբ միջոցառում: «Դա էլ կարող է տարբերակ լինել, բայց փոքր հավանականությամբ է դա տեղի ունենում այն երկրներում, որտեղ միջավայրը թափանցիկ է և բացակայում են խտրական մոտեցումները, չի տրվում որևէ մեկին առանձնահատուկ նշանակություն, ոչ մրցակցային իրավիճակ մյուսների համար չի ստեղծվում: Այդպիսի երկրներում նման զարգացման սպասումը այդքան էլ արդարացված չէ»,- ընդգծեց Ատոմ Ջանջուղազյանը։
Ֆինանսների նախարարի խոսքով՝ ներդրումներ ներգրավելու ճանապարհներից մեկը կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված միջոցառումներն են: «Եթե մենք չունենք այն տեղը, որտեղ կարող է որևէ մեկը կատարել իր ոչ թե 500 մլն դոլարանոց ներդրումը, այլ 5 հազար դոլարանոց ներդրումը, դա արդեն խոչընդոտ է: Մենք այսօր ստեղծել ենք ենթակառուցվածքներ, հնարավորություն տալիս ենք ներդրումներ անել պետական պարտատոմսերում, բայց դա ներդրումների խնդիրը չի լուծում: Մենք ենթադրում ենք՝ներդրումները պետք է տեղի ունենան իրական հատվածում, ընկերությունների կապիտալում, իսկ դրա ճանապարհը հեռանկարում կայացած ֆինանսական շուկա ունենալու տեսլականն է»: