Պետական պարտքի ավելի ցածր ցուցանիշ կունենանք, քան կանխատեսվում էր. Ատոմ Ջանջուղազյան
2019-ի թվականի պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` այս տարվա վերջին ավելի ցածր պետական պարտք կունենանք։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
«Տարեվերջին պետական պարտքի ավելի ցածր ցուցանիշ կունենանք, քանի որ համեմատաբար ավելի ցածր կատարման ցուցանիշներ ունենք վարկային միջոցների հաշվին իրականացվող նպատակային ծրագրերի մասով։ Բացի այդ, համեմատաբար ցածր կլինի պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը: Մենք կանխատեսել էինք, որ 2019-2021 թթ-ի միջնաժամկետ ծրագրով պետական պարտքի ցուցանիշը աստիճանաբար կիջեցնենք 50 տոկոսի շեմից ներքև, բայց հիմա կարծում ենք, որ այն կլինի 49%-ից փոքր ինչ ավելի և 50%-ից ցածր»,- նշեց ֆինանսների նախարարը։
Նա միաժամանակ ասաց՝ 2020 թվականի բյուջեով ակնկալում են, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի մոտ 48.2%:
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ տարբեր երկրների դասակարգման համար օգտագործվող ցուցանիշների տեսակետից ՀՀ-ն ունի նվազ պարտքի բեռ ունեցող երկրի գնահատական: Այսինքն, ըստ նրա, Հայաստանը շարունակում է համարվել նվազ պարտքի բեռ ունեցող երկիր։
«Մենք նաև ունենք ակնառու ձեռքբերում՝ կապված մեր 2020 թվականին մարման ենթակա եվրապարտատոմսերի վերաֆինանսավորման գործառնության հետ: Նախկինում, երբ խոսում էին պետական պարտքի մասին, նշվում էր, որ 2020-ին մենք պիկ ենք ունենալու պարտքի սպասարկման առումով, և արդյոք մեր կարողությունները մեզ հնարավորություն տալու են դա հաղթահարել: Հիմա ուրախությամբ արձանագրում եմ՝ այդ հարցն էլ չի հնչում և այլևս ակտուալ չէ, որ հնչի, քանի որ կարողացանք հարթեցնել 2020 թ-ին պարտքի սպասարկման գրաֆիկը, ավելին՝ ոչ միայն չափի, այլև պայմանների իմաստով»,- նշեց ֆինանսների նախարարը։