Ապրիլյան քննիչ հանձնաժողովը պարտավոր է լսել Սերժ Սարգսյանին. Անդրանիկ Քոչարյան
«Ապրիլյան քննիչ հանձնաժողովն իր վերջին նիստում միաձայն որոշեց դիմել ԱԺ-ին, որպեսզի օրենքով սահմանված կարգով հանձնաժողովի աշխատանքի ժամկետը երկարաձգվի»,- այս մասին այսօր խորհրդարանում «2016 թվականի ապրիլայն քառօրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին ԱԺ որոշման նախագծի» քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Քոչարյանի խոսքով, Ապրիլյան քննիչ հանձնաժողովի կողմից կազմվել է նախնական ուսումնասիրման համար անհրաժեշտ փաստաթղթերի շարքը, որը հասցվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը. «Հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ-ից ստացվել է փաստաթղթերի առաջին խումբը և սկսվել դրանց մանրակրկիտ ուսումնասիրությունը։ Առ այսօր հանձնաժողովը ուսումնասիրել է շուրջ 2684 էջ ծավալով 147 տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներ և տարբեր գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր։ Քննվել են 10 զինծառայողներ։ Բայց մենք դեռևս պետք է լսենք տարբեր պաշտոնյաների, որոնց թիվը կարող է հասնել 40-ի։ Դա մեր գնահատմամբ կտևի մի քանի ամիս և 2 ամիս էլ մենք նախատեսում ենք մեր վերջնական եզրակացությունների համար»։
Պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց հնչեցրեց, թե երբ է հանձնաժողովը լսելու Սերժ Սարսգյանին, Յուրի Խաչատուրովին և Հայկազ Բաղմանյանին. «Այս ամենը կարծես թե վերջին փուլի համար է նախատեսված»։
Պատասխանելով հարցին՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Թե ովքեր պետք է լինեն վերջին փուլի հրավիրյալները, հաստատված է հանձնաժողովի կողմից և Ձեր մատնանշած մարդկանց առումով, այո, հանձնաժողովը պարտավոր է լսել նրանց, ընդհուպ մինչև Սերժ Սարգսյան, ով այդ ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, որովհետև վերջին հաշվով, նա այդ ընթացքում իրականացրել է գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթ, և հարցեր կան, որոնք այս ամիսների ընթացքում հավաքագրվել են, ուսումնասիրվում են, և վերջնական պատասխանները պետք է ստանանք նաև պարոն Սերժ Սարգսյանից։ Իսկ նրանից առաջ, բնականաբար, բոլոր այն պաշտանյաներից, որոնք իրենց պաշտոնավարման ընթացքում ունեցել են կառավարման առումով առնչություններ։ Քաղաքական շահարկումը բացառվել է մինչև հիմա, և հանձնաժողովը պահպանել է իր կեցվածքը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան