«Շոկոլադի բանկ». Մանուկներին, ովքեր չեն ստանում նվերներ Ձմեռ Պապից
Նոր տարվա կապակցությամբ արդեն 5-րդ անգամ Հայ օգնության ֆոնդը և «Այո»-ն իրականցնում են «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը, որի շրջանակներում հավաքագրվում են կոնֆետներ, քաղցրավենիք՝ այս անգամ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ, Նորաշեն, Գեղաձոր, Հնաբերդ գյուղերի խոցելի սոցիալական պայմաններում ապրող ընտանիքների շուրջ 285 երեխաներին՝ ամանորյա փաթեթներ պատրաստելու համար:
«Նկատել ե՞ք՝ նորից թաքուն-թաքուն, բայց բավականին արագորեն մոտենում է տարվա ամենահեքիաթային տոնը՝ Ամանորը , և պատրաստվելով այդ հրաշքներին և մեր սիրելիների համար հրաշքներ նախապատրաստելով և նվերներ ընտրելով հանդերձ մենք կրկին չենք մոռանում հեռավոր գյուղերի այն մանուկների մասին, ովքեր անգամ չեն սպասում տոնական հրաշքի, մանուկներ, ովքեր չեն ստանում նվերներ Ձմեռ Պապից»,-նշում են կազմակերպիչները:
Արդեն հինգերորդ տարին շարունակ իրականացվող «Շոկոլադի Բանկ» ծրագրի կազմակերպիչներից Հելենա Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարի իրենց մոտ դեռևս 100 կգ կոնֆետ է հավաքվել (մոտ 57 կգ նվիրաբերել է մի կազմակերպություն՝ Շուկայի Վերահսկողության Տեսչական Մարմինը), ինչը քիչ է, բայց հույսը չեն կորցնում, որ թիվը կբազմապատկվի։ Արկղեր են տեղադրվել նաև մի շարք կազմակերպություներում, դրանք էլ որ միացնեն, մարդկանց հոսքն էլ ավելանա երեխաների Ամանորը կքաղցրանա. «Մինչև դեկտեմբերի 16-ը մենք կհավաքագրենք շոկոլադ, որն այնուհետև կփաթեթավորենք և շատ բարձր ու տոնական տրամադրությամբ կտանենք վերոնշված գյուղեր, որպեսզի երեխաները նույնպես ունենան քաղցր տոներ»:
Նա հիշեցրեց, որ նախաձեռնությունն առաջին անգամ իրականացվել է 2014թ. Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաների համար, որի արդյունքում հավաքագրվել էր 500կգ կոնֆետ, ինչպես նաև խաղալիք և հագուստ, որը բաշխվել է Տավուշի մարզի 9 գյուղի 265 ընտանիքի:
Նա նշեց, որ շոկոլադ նվիրաբերելու համար մինչև դեկտեմբերի 16-ը, երկուշաբթիից ուրբաթ, ժ․09:00-18:00-ը կարելի այցելել Հայ Օգնության Ֆոնդի գրասենյակ։
Հարակից հրապարակումներ`
- «Շոկոլադի բանկ»-ը հավաքագրում է կոնֆետներ գյումրեցի երեխաների համար
- «Շոկոլադի բանկ». Անակնկալ՝ սահմանամերձ գյուղերի երեխաների համար (տեսանյութ)
- «Շոկոլադի բանկում»՝ 201 կգ կոնֆետ. սահմանամերձ գյուղերի երեխաները սպասում են