Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացվել է խղճի խայթ չունենալու պատճառով
Հայաստանում նախարարների, փոխնախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձ-վճարումների բարձրացումը չի արվել կոռուպցիան կանխարգելելու իմաստով: «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իր այդ որոշման մասին:
«Մեկնաբանությունը եղավ այն, որ սա նաև պայքար է կոռուպցիայի դեմ, կամ կոռուպցիայի կանխարգելման նպատակ ունի: Իրականում բովանդակային առումով դա սխալ չէ, բայց ուզում եմ ավելի հստակեցնել: Դա արվել է ոչ թե կոռուպցիան կանխարգելելու իմաստով, որովհետև կոռուպցիոները մեկուկես միլիոն դրամով, ինչպես նաև մեր փորձը ցույց է տալիս, չի բավարարվելու: Դա արվել է բոլորովին ուրիշ իմաստով: Երբ որ հնարավոր այդպիսի մարդկանց կոռուպցիոն գործերի մեջ ներքաշված լինելու համար ձերբակալենք, կալանավորենք, դատապարտենք, այդ ժամանակ խղճի խայթ չունենանք ընդհանրապես, չասնեք, որ այս մարդուն այնքան քիչ ենք վճարել, որ նրան ուրիշ տարբերակ չենք թողել, քան գնալ տարբեր կոռուպցիոն գործարքներ փնտրել»,- մանրամասնեց վարչապետը:
Նա նշեց, որ, իհարկե, սա չի կարող արդարացում լինել, բայց կոռուպցիայի դեմ պայքարի առումով կարևոր բաղադրիչ է բարոյահոգեբանական առումով:
«Ուզում եմ ասել, որ այդ որոշումն արդարացված եմ համարում հենց այս տրամաբանությամբ, որ մենք խղճի խայթ չունենանք, մեղավորության զգացում չունենանք բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կներքաշվեն կոռուպցիոն գործերի մեջ, առաջ կգա դրա համար օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին, նա նշեց. «Ինձ զարմացրեցին որոշ արձագանքներ, երբ ասում են, որ զավշետ է Սերժ Սարգսյանին 400 միլիոն դրամի չարաշահման համար մեղադրանք առաջադրելը: Հասկանում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք կառուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են ինչպես, ասենք, համերգ հեռուստադիտողների հայտերով կամ կառավարության կամ վարչապետի կողմից հայտ է ներկայացվում՝ խնդրում եմ մի քրեական գործ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 միլիոն դրամի սահմաններում և այս տրամաբանությամբ բխում է հաջորդ հարցը՝ ինչո՞ւ ես պատվիրել 400 միլիոնանոց, ոչ թե ասենք 4-միլիարդ դոլարանոց գործ։ Իմիջիայլոց կոռուպցիոն մտածողությունը և կոռուպցիայի դեմ պայքարի այս ընկալումը մեկը մյուսի շարունակությունն է։ Այսինքն, ըստ էության, գործ ունենք նույն ծագման հետ՝ ինչպես է ընկալվում կոռուպցիայի դեմ պայքարը և ինչպես է ընկալվում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը»:
Վարչապետն անդրադարձավ նաև Ազգային ժողովում օրեր առաջ արված իր այն հայտարարությանը, որ ինքը պետբյուջեից ոչ մի կոպեկ չի գողանում:
«Այդ հայտարարությունից հետո զգացի, որ որոշակի դիսկոմֆորտ ունեմ այդ հայտարարության հետ։ Հասկացա, որ այդ հայտարարությունը կիսատության որոշակի էլեմենտ ունի և, այսօրվա առիթն օգտագործելով, ուզում եմ լրացնել այդ հայտարարությունը, որ այո, ես պետբյուջեից ոչ մի կոպեկ, ոչ մի լումա չեմ գողանում, բայց գիտեմ նաև, որ, ցավոք սրտի, Հայաստանի պետական բյուջեի միջոցները 100 տոկոս արդյունավետությամբ չեն ծախսվում։ Սա շատ կարևոր արձանագրում է այս հայտարարությունն ամբողջացնելու համար, ներառյալ նաև վարչապետի գործունեության հետ կապված պետական ծախսերը ես չեմ կարող 100 տոկոս արդյունավետ համարել։ Բայց ուզում եմ ասել, որ դա նույնպես անձամբ իմ օրակարգի հարց է։ Ուզում եմ խոստովանել նաև, որ այն միշտ իմ օրակարգում է եղել, բայց միշտ չէ, որ ես դրանով զբաղվել եմ բավարար ինտենսիվությամբ։ Բայց հիմա, քանի որ ասել եմ մեր գործերը բավականին լավ են, ավելի շատ օրակարգ սպասարկելու հնարավորություն է առաջացել, ուզում եմ Հայաստանի քաղաքացիներին ասել, որ ընդհուպ 1000 դրամի մակարդակով պետական ծախսերի արդյունավետության հասնելը մեր ամենօրյա օրակարգի հարց է այլևս և հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը բարևների և ընդունելությունների առումով ժուժկալ դարձել
- «Հետք». Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան