Անժելա Էլիբեգովա. Պետք է սթափվել ու լրջանալ
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ընդգծում է հասարակության զգոնության կարևորությունը, մինչդեռ այսօր քննարկումները ծավալվում են պրիմիտիվ, պարզ, մանիպուլյատիվ մակարդակով ու անկարևոր հարցերի շուրջ։
«Հող հանձնել-չհանձնելու դիսկուրսն ինձ շատ վտանգավոր է թվում։ Մարդիկ, ովքեր ուզում են անլրջացնել այդ քննարկումը, ծաղրում են, հեգնում, մինչդեռ այսօր առաջնահերթ է քննարկումը, թե ինչպես պետք է պահել հողը և շենացնել»,- պատերազմի վերսկսման հավանականությունը թեմայով ասուլիսում հայտարարեց բանախոսը։
Նա պնդում է՝ հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելը շատ վտանգավոր է։
«Ես դրա մասին բազմիցս խոսել եմ, Բրատիսլավայի հանդիպումից հետո ևս այդ տենդենցը նկատում եմ։ Բոլոր մտահոգություններին ու մտավախություններին պատասխանում են՝ դե կարևորը, առաջնագծում չեն կրակում։ Սա անընդունելի է։ Մենք գիտենք, եթե չեն կրակում, դա չի նշանակում, որ իրավիճակը չի կարող լարվել, կամ երկու կողմերը հանգիստ իրավիճակում չեն պատրաստվում պատերազմի»,-նկատեց նա։
Ադբեջանագետը պնդում է՝ չի կարելի մարդկանց զգոնությունը քնացնել ներքին ինչ-որ մանր, սկանդալային թեմաներ ներմուծելով, որոնք հաջորդ օրն արդեն մոռացվում են։
«Ես հորդորում եմ, որ դիսկուրսը լրջանա։ Ես չգիտեմ՝ դա կոմպետենտության պակասի՞, թե՞ խնդրի լրջությունը չհասկանալու հետևանք է։ Ինձ համար ակնհայտ է, որ քարոզչական պատերազմում չենք կարողանում օգտագործել գործիքները, և ինձ համար անհասկանալի է՝ թե ինչու։ Երբ մենք հրավիրում ենք Մեհրիբան Ալիևային մուղամ լսելու, դա դիսկուրսի այն մակարդակը չէ, որը պետք է ունենանք, մենք գիտենք, որ Ալիևան այդ երկրում միայն առաջին տիկինը չի, նա փաստացի այդ երկրի երկրորդ դեմքն է, փոխնախագահ է, իշխանության ժառանգորդն է, ոչ պակաս ռազմատենչ է, քան ամուսինը, նրա կերպարի շուրջ ստեղծվող պատրանքներն էլ վտանգավոր են։ Ինձ թվում է, պետք է սթափվել ու լրջանալ»,-ընդգծեց նա։
Փորձագետի խոսքով, այսօր փորձագիտական շրջանակներն ու հասարակությունը բավարար չափով իրազեկված չեն բանակցությունների ընթացքի վերաբերյալ, մինչդեռ նման խոստում եղել է գործող իշխանությունների կողմից։
«Այս պահի դրությամբ մենք նույնիսկ չունենք հետևյալ հարցի պատասխանը՝ կա՞ բանակցային գործընթաց, թե՞ չկա։ Կողմերը, երբ հանդիպում են, բանակցո՞ւմ են, թե՞ չէ։ Արցախը վերադառնո՞ւմ է բանակցային սեղան, թե՞ չէ։ Կամ այն հայտարարությունը, որ Արցախը Հայաստանն է, նպաստո՞ւմ է Արցախի ներգրավվմանը, թե՞ ոչ, փորձագետների մոտ հարցերի շարան կա, որոնց պաշտոնական պատասխանները չեն հնչում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչը. Առանց արհեստական ձգձգումների և պայմանների առարկայական բանակացություններ վարելու բարի կամք դրսևորել
- Ադրբեջանի արտգործնախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները համարել է ծանր
- Զոհրաբ Մնացականյան. Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի
- Մամեդյարովի սպասումները՝ Բրատիսլավայում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից
- Զախարովա. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Բրատիսլավայում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին