Ընդդիմությունը ճնշում է գործադրում Զելենսկու վրա՝ «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովից առաջ
Կիևում ընդդիմությունը «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովին ընդառաջ նախօրեին իր կողմնակիցներին դուրս էր բերել փողոց: Հանրահավաքի մասնակիցները, ներառյալ նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն, պահանջում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որևէ զիջման չգնա Մոսկվային, հակառակ դեպքում նրանք սպառնում են նոր «Մայդանով»: Այս մասին գրում է euronews-ը։
Ինչպես հայտարարեց հանրահավաքի ժամանակ Պորոշենկոն, կան «կարմիր գծեր», որոնք հնարավոր չէ հատել: Ընդդիմության պահանջների թվում է՝ ոչ մի փոխզիջում Կիևի եվրոպական և եվրաատլանտյան ուղու վերաբերյալ, Դոնբասում ընտրություններ անցկացնելու արգելք՝ մինչև Կիևին չենթարկվող աշխարհազորայինները դուրս չհանվեն այնտեղից: Պորոշենկոն նաև «կարմիր գիծ» է անվանել Կիևի կողմից զիջումների անթույլատրելիությունը գազի գնի իջեցման դիմաց։
Նշվում է, որ ցուցարարները վրաններ են խփել նախագահի նստավայրի դիմաց։
Փորձագետների կարծիքով, «Նորմանդյան քառյակի» ձևաչափով սպասվող բանակցությունները լուրջ փորձություն կլինեն Զելենսկու համար, որը նախկինում հայտարարել էր, որ ցանկանում է հասնել «կոնկրետ արդյունքների»՝ Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Այնուամենայնիվ, ամբողջ հարցն այն է, թե ինչ պայմաններ է սահմանում Մոսկվան, և պատրաստ է արդյո՞ք Կիևը կատարել դրանք:
Նշենք, որ «Նորմանդյան քառյակի» հանդիպումը տեղի կունենա այսօր Փարիզում: Միևնույն ժամանակ, Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ կհանդիպեն նման ձևաչափով: