«Թրանսփարենսի ինթերնեշնլ». Վերջին մեկուկես տարում որոշ գործընթացներ այն արագությամբ չեն ընթացել, որով արժեր
Այսօր Հայաստանում բուրգային կոռուպցիա չի նկատվում, այս պահին համակարգային կոռուպցիան դադարել է գոյություն ունենալ, բայց դա չի նշանակում, որ այն այլևս անվերադարձ է, կարող է չլինել: «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկման ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:
«Այսօր դադարել է և առնվազն թուլացվել են այն կապերը, հիմքերը, որոնցում գործում էր համակարգային կոռուպցիան»,- նշեց նա:
Ս. Այվազյանի խոսքով, էական առաջընթաց կա հաստատությունների գործունեության մեջ, սակայն կան անհանգստացնող խնդիրներ, որոնք դեռևս կառավարության կողմից պետք է լուծումներ ստանան:
«Մտահոգիչ հանգամանքներ մենք տեսնում ենք հիմնականում շահերի բախմանն առնչվող գործընթացներում: Կարծում ենք, որ պետք է հնարավորինս լրջորեն վերաբերվել շահերի բախման երևույթին, փակել բոլոր հնարավորությունները, որոնք կարող են ստեղծել նմանատիպ ռիսկեր: Կարծում ենք, որ ռեֆորմները պետք է բավականին արագ ընթանան: Հեղափոխությունից մեկ-մեկուկես տարի է անցել, բայց որոշ գործընթացներ այն արագությամբ չեն ընթացել, որով արժեր: Այդ պատճառով առաջարկում ենք ավելի ակտիվ, արմատական լինեն փոփոխությունները, ավելի արագ»,- ասաց Ս. Այվազյանը:
Նրա խոսքով, կարևորում են կադրային քաղաքականությունը, համապատասխան պայմաններ ստեղծել այնպիսի կադրերի համար, որոնք համարձակ են իրենց գործողություններում, կարող են արմատական փոփոխություններ բերել:
Դեկտեմբերի 9-ը Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր, որը 2003թ․-ից ի վեր նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Այս տարի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) օրվան նվիրված միջոցառումը կազմակերպել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» խորագրի ներքո՝ նպատակ ունենալով ներկայացնել և քննարկման առարկա դարձնել Կայուն զարգացման նպատակ 16-ի առաջընթացը Հայաստանում, մասնավորապես՝ անդրադառնալով հետևյալ թիրախներին․
• Թիրախ 16․4․ մինչև 2030թ․-ը զգալիորեն կրճատել ֆինանսների և զենքերի ապօրինի հոսքերը, ուժեղացնել գողացված գույքը հետ վերցնելու և վերադարձնելու գործողությունները և պայքարել կազմակերպված հանցավորության բոլոր ձևերի դեմ,
• Թիրախ 16․5․ էապես կրճատել կոռուպցիան և կաշառակերությունն իրենց բոլոր ձևերով,
• Թիրախ 16․6․ զարգացնել արդյունավետ, հաշվետու և թափանցիկ հաստատություններ բոլոր մակարդակներում,
• Թիրախ 16․10․ ապահովել տեղեկատվության հանրային հասանելիությունը և պաշտպանել հիմնարար ազատությունները՝ համաձայն ազգային օրենսդրության և միջազգային համաձայնագրերի։
Միջոցառումն անցկացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։
Հարակից հրապարակումներ`
- Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացվել է խղճի խայթ չունենալու պատճառով
- Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը բարևների և ընդունելությունների առումով ժուժկալ դարձել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան