Ովքե՞ր են խանգարում Ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Սենատում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման «H. Res 296» բանաձևի ընդունումից հետո, Սենատում արդեն երրորդ անգամ սենատորներ Բոբ Մենենդեզն ու Թեդ Քրուզը առաջ են քաշում «S. Res 150» բանաձևը։ Նախորդ երկու փորձերը ձախողվեցին համապատասխանաբար սենատորներ Լինդսի Գրահամի և Դեյդ Փերդյուի կողմից։
Այս անգամ արդեն բանաձևը Սենատում արգելափակեց Հյուսիսային Դակոտայից մեկ այլ հանրապետական սենատոր` Կևին Կրամերը։ Թեև Ներկայացուցիչների պալատում բանաձևի ընդունմանը Սպիտակ տունը չխոչընդոտեց, այնուամենայնիվ, պատկերը այլ է Կոնգրեսի Վերին պալատում, որտեղ բանաձևը արդեն երրորդ անգամ է, ինչ արգելափակվում է։
Ինչպես գրում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը, Ցեղասպանության բանաձևի նկատմամբ վետո կիրառած սենատոր Կևին Կրամերը դեռ կոնգրեսական լինելու ժամանակ 2017թ․-ին եղել է հենց Ցեղասպանության H. Res. 220 բանաձևի աջակիցներից (co-sponsor) մեկը։ Միևնույն ժամանակ, նա եղել է 115-րդ Կոնգրեսի Թուրքական հանձնախմբի անդամ, իսկ 2019թ․ Թուրքիայի կողմից վարձված երկու լոբբիստական ընկերությունները (Greenberg Traurig LLP, LB International Solutions LLC) կապ են հաստատել սենատոր Կրամերի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ։ Այնուամենայնիվ, Ցեղասպանության բանաձևի նկատմամբ կիրառված վետոն պետք չէ դիտարկել որպես թուրքական լոբբինգի հաղթանակ։ Այն անմիջապես կապված է Սպիտակ տան միջամտության հետ։
Հետաքրքրական է, որ Սենատոր Կրամերը և ներկայիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սերտ հարաբերություններ ունեն։ Դեռ 2018թ․ Սենատի ընտրությունների ժամանակ Դոնալդ Թրամփը իրա ամբողջական աջակցությունն էր հայտնել Կևին Կրամերին։ Վերջինս էլ այժմ Թրամփին ակտիվ աջակցում է նրա դեմ ընթացող իմպիչմենտի գործընթացում։ Կա նաև մեկ այլ հանգամանք, որը կապում է սենատոր Կրամերին և նախագահ Թրամփին։ Խոսքը Հյուսիսային Դակոտայի «Fisher Industries» ընկերության մասին է, որը ստացել է Մեքսիկայի պատի մի հատվածի (Արիզոնա նահանգի Յումա շրջան, մոտ 50կմ) կառուցման պայմանագիրը (270 միլիոն ԱՄՆ դոլար)։ Հենց այդ ընկերությունը ընտրելու ակտիվ աջակիցներն էին ինչպես նախագահ Թրամփը, այնպես էլ հենց Հյուսիսային Դակոտա նահանգի սենատոր Կրամերը։ Վերջինս, ըստ որոշ տվյալների, ակտիվ լոբբինգ է իրականացրել Դոնալդ Թրամփի նկատմամբ այդ կազմակերպությանը նախապատվություն տալու համար։ Պատահական չէ, որ կազմակերպության հիմնադիր Թոմի Ֆիշերը և նրա ընտանիքի անդամները հազարավոր դոլարներ են տրամադրել սենատոր Կրամերի քարոզարշավին։ Պայմանագրի շնորհումը այդ կազմակերպությանը հայտնի դարձավ դեկտեմբերի 2-ին, իսկ սենատոր Կրամերը Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակեց դեկտեմբերի 5-ին։
Ակնհայտ է դառնում, որ Ցեղասպանության բանաձևի Սենատում սառեցման հիմնական նախաձեռնողը Սպիտակ տունն է, որն իրեն մոտ կանգնած սենատորների միջոցով ամեն անգամ կանխում է բանաձևի՝ Սենատի օրակարգ մուտք գործելը։ Այնուամենայնիվ, Սենատոր Մենենդեսը նշել է, որ բանաձևն ամեն շաբաթ ներկայացնելու է Սենատին այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ընդունվել։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ Սենատում 3-րդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա
- Ցեղասպանության ճանաչման բանաձևն արգելափակած երկրորդ սենատոր Փերդյուի կապը թուրքական լոբբիստների հետ
- Սասունյան. Սենատոր Գրեհեմը ցույց տվեց իր իրական դեմքը կեղծ թուրք նախարարի հետ հեռախոսազրույցում
- ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա
- Մենենդեզ. Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը
- ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակած սենատոր Լինդսի Գրահամի կապը թուրք լոբբիստների հետ
- ԱՄՆ սենատորը «բացատրել է»՝ ինչո՞ւ է վետո դրել Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին
- ԱՄՆ Սենատը չի ընդունի Հայաստանի բանաձևը. Էրդողան
- Սենատոր Լինդսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ.Սուրեն Սարգսյան
- Ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ Կոնգրեսում․ երբ շահերն ու արժեքները համընկնում են
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունն ու սատարեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան