Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ
«ԴԵՄ ԵՄ ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ» նախաձեռնության անդամ Շիրակ Բունիաթյանը տարածել է հայտարարություն՝ տեղեկացնելով, որ երեկ` դեկտեմբերի 8֊ին Ամուլսարի պոստեր էին այցելել Վայոց Ձորի Ոստիկանության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը, Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանը և էլի ոստիկաններ։
«Հանդիպման ժամանակ պարոն Գրիգոյանը առաջարկել է, որպեսզի թեկուզ հինգ օրով մուտք ապահովվի դեպի ԱՄՈՒԼՍԱՐ ձմեռացման աշխատանքներ իրականացնելու համար։ Մենք մերժել ենք առաջարկը հիմնավորելով, որ նախ անցյալ տարի կատարված ձմեռացումից հետո այնտեղ աշխատանքներ չեն իրականացվել և այնպես չի, որ փաթեթավորված սարքավորումները պիտի վերափաթեփավորվեն։
Բացի դա ԱՄՈՒԼՍԱՐԻ տարածք ցանկացած մուտք վնասում է պայքարին` էլ ավելի երկարաձգելով այն։
Խոսակցությունը անցել է քաղաքակիրթ և համերաշխ մթնոլորտում։
Այսօր` դեկտեմբերի 9-ին մեզ հետ կապ է հաստատել Ջերմուկի ոստիկանապետ Ա. Խաչատրյանը և փոխանցել, որ նախնական տվյալներով ՀՀ փոխոստիկանապետերը, Վայոց Ձորի մարզպետը և էլի պաշտոնատար անձինք ժամը 15:00 ցանկանում են հանդիպել Ջերմուկի Գրանդ Ռեզորթ հյուրանոցում։
Հանդիպման բովանդակության մասին տեղեկություններ չունենք, ուստի մանրամասներ կհրապարակենք հանդիպումից հետո։
Անկախ բոլոր հանդիպումներից ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ։
ԱՄՈՒԼՍԱՐԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐ»,-ասված է Բունիաթյանի տարածած հայտարարության մեջ։
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնությունը պատահական չի համարում ոստիկանների այցերը տարածք։
«Լիդիան Ինթերնեշընըլի բրիտանական կայքում իր ներդրողների համար տեղադրված հաղորդագրությունից եզրահանգում ենք, որ ընկերության համար կարծես թե դեկտեմբերի 20-ը շատ կարևոր նշանակություն ունեցող ժամկետ է, քանի որ նրա խոշոր պարտապանները պարտքը վերադարձնելու ժամկետները հետաձգել են մինչև 2019թ․ դեկտեմբերի 20-ը։ Այս ընթացքում Ամուլսարի հետ կապված աշխատանք անելու ցանկացած փորձ Լիդիանը կարող է իր պարտապաններին ներկայացնել իբրև ժամկետները հետաձգելու նոր հիմք։ Հավանաբար, դրանով է պայմանավորված, որ այս օրերին պետական մարմինների որոշ ներկայացուցիչներ ակտիվորեն փորձում են համոզել Ամուլսարի պահապաններին թույլ տալ Լիդիանին մտնել տարածք և ձմեռացման աշխատանքներ կատարել՝ չնայած անցած ձմեռ Լիդիանն արդեն ձմեռացրել էր տեխնիկան, իսկ դրանից հետո այլևս տարածք չի էլ մտել։
Իսկ մինչ այդ էլ, Լիդիանի՝ 2019թ. սեպտեմբերի 30-ի ֆինանսական հաշվետվությունը, որն աուդիտ չի անցել, խոսում է ընկերության դեֆոլտի նախազգուշացումների մասին։ Վերը նշված հաղորդագրության մեջ Լիդիանը շարունակում է նաև սուտ տեղեկություններ գրել, օրինակ՝ իբր ԷԼԱՐԴ ընկերությունն Ամուլսարի ՇՄԱԳ զեկույցներին տվել է դրական եզրակացություն և միայն աննշան տեխնիկական առաջարկներ ներկայացրել, որոնք իբր Լիդիանը մեծամասամբ ընդունել է։
Ոչ մի ժողովուրդ և ոչ մի կառավարություն պարտավոր չէ սխալ տեղեկություններ, թերի ու գիտականորեն չհիմնավորված ՇՄԱԳ ներկայացրած ընկերությանը փրկել դեֆոլտից։ Ավելին՝ պետությունը պետք է հետաքննի ֆինանսական հնարավոր խարդախությունների ու ներդրողներին մոլորեցնելու բոլոր դրվագները և համապատասխան պատժամիջոցներ սահմանի»,-ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի հարցով աշխատանքային խումբը նիստ է անցկացրել
- Փաստաբան. Իշխանության նպատակն է Ամուլսարի խնդիրը քնեցնելու միջոցով հասնել իրենց ցանկալի լուծման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան