Քաղաքացիները համատիրության վճարումները կկատարեն բանկային հաշվին
«Այսօր մեր համատիրությունները գտնվում ենք խայտառակ վատ վիճակում՝ ինչպես դրամահավաքության, այնպես էլ կառավարման իմաստով։ Մենք ունենք իրավիճակ, երբ հավաքագրված գումարները անհայտ կերպով ծախսվում են, իսկ վերջնական արդյունքում ոչ մի փոփոխություն չի կատարվում տվյալ շենքի բնակիչների համար» ,- այս մասին այսօր խորհրդարանում «Բազմաբնակարանային շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու և «Համատիրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկամ ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
Ըստ նախագծի, քաղաքացիները համատիրության վճարումները կկատարեն բանկային հաշվին.
«Այս դեպքում հասկանալի և թափանցիկ կլինի ընդհանուր հավաքագրված գումարի քանակը։ Նախատեսվող փոփոխությունը բավականին հասունացած է։ Պետք է ոլորտը արմատական փոփոխությունների ենթարկվի։ Ըստ առաջարկվող փոփոխության՝ մենք կարողանալու ենք շենք առ շենք առաջնահերթությունները գրանցել և դրանց լուծումները գտնել»։
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը հարցրեց, թե արդյոք օրենքի ընդունումից հետո բնակիչները տեղեկացված կլինեն, թե ինչպես են գումարները ծախսվելու։
Պատասխանելով Այվազյանի հարցին՝ Հակոբյանը նշեց, որ քաղաքաշինության կոմիտեի գլխավորությամբ կազմվել է աշխատանքային խումբ, որը մշակում է համատիրությունների վերաբերյալ համակարգային փոփոխության ծրագիր․ «Մեր բնակիչները տարիներ շարունակ, վճարները տալով համատիրությանը, չեն տեսնում կոնկրետ արդյունք, ուստի հրաժարվում են այդ վճարումները անել։ Վերջնական արդյունքում գումարների հավաքագրումը նույնքան էֆեկտիվ է լինելու, որքան դրանց վերադարձը բնակիչներին»։