Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների պատրաստման հնարավորությունները
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Միջազգային իրավական համագործացության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախարարը կարևորել է IRZ-ի հետ համագործակցությունը և ներկայացրել Նախարարության բարեփոխումների օրակարգի առաջնահերթությունները, որոնք վերաբերել են քրեակատարողական օրենսդրության հետագա կատարելագործմանը՝ ենթաօրենսդրական ակտերի մակարդակում:
Ռուստամ Բադասյանն առանձնահատուկ կարևորել է նաև Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերի նախագծերով առաջարկվող կարգավորումները: Այդ համատեքստում, նախարարը տեղեկացրել է, որ Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերը մինչև տարեվերջ կուղարկվեն ՀՀ վարչապետի աշխատակազմ, իսկ Քրեակատարողական օրենսգրքի նախագծի ընդունումը կիրականացվի նշված երկու օրենսգրքերի կիրառմանը զուգահեռ:
IRZ-ի ներկայացուցիչ Ֆրանկ Հուփֆելդը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և վերահաստատել կազմակերպության փոխգործակցության պատրաստակամությունը՝ մի շարք ոլորտների զարգացմանն աջակցելու նպատակով:
Հանդիպման ընթացքում, Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսված կադրային նոր քաղաքականության շրջանակում, քննարկվել են նաև քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների պատրաստման, ինչպես նաև ՔԿՀ-ներում պատիժ կրող և պրոբացիայի շահառու անչափահասների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմի ներդրման ու վերասոցիալականացման ուղղությամբ տարվող աշխատանքների փորձի ուսումնասիրության հնարավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա