Ատոմ Ջանջուղազյան. 2020 թ. բյուջեն կազմվել է ընթացիկ տարվա բյուջեի արդյունքների հիման վրա
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին և քննարկել ոլորտային ռազմավարությունների մշակման և դրանց ներդաշնակեցման միջոցով սահմանվող առաջնահերթություններն ու հետագա գործակցության ուղղությունները:
Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2020 թվականի պետական բյուջեի մի շարք ցուցանիշներ և կանխատեսումներ՝ նշելով, որ այն կազմվել է ընթացիկ տարվա բյուջեի արդյունքների հիման վրա:
Նա անդրադարձել է նաև ֆիսկալ ռիսկերի կառավարմանը, հարկաբյուջետային թափանցիկության և հաշվետվողականության միջոցով ներդրումների ներգրավմանը, պարտքի կառավարելիությանը և կապիտալ շուկայի զարգացման ռազմավարությանը:
Նախարարը կարևորել է ԱՄՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերն ու վերջինիս օժանդակությունը կարողությունների զարգացման համատեքստում: