ՍԴ կեղծ ճգնաժամից դուրս գալու համար գնում են իրական ճգնաժամի. Իսայան
«Չեմ կարծում, որ ՍԴ-ի շուրջ կեղծ ճգնաժամ ունենք, շատ իրական է ճգնաժամը, և Վենետիկի հանձնաժողովը առաջարկում է քննարկման առարկա դարձնել այն դեպքը, որ 7 դատարվոր միաժամանակ որոշի վաղաժամ կենսաթոշակի գնալ, ապա ՍԴ դատավորի թափուր տեղի համար ընտրությունն անցկացվում էն 15-օրյա ժամկետում»,- այս մասին այսօր խորհրդարանում «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում» լրացումներ կատարելու և «Պաշտոնատար անձնաց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին։
ԲՀԿ-ական պատգամավորը հարցրել էր, եթե ՍԴ մի քանի դատարվոր միաժամանակ կամավոր անցնում են վաղաժամ կենսաթոշակին, ՍԴ-ի պարալիզացման հարցը ինչպե՞ս է լուծվելու. «Այս դեպքում մենք ՍԴ-ում կունենանք իրական ճգնաժամ։ Այսինքն՝ ՍԴ կեղծ ճգնաժամից դուրս գալու համար գնում են իրական ճգնաժամի, սա՞ է ճանապարհը, որով ուզում ենք գնալ»։
Նշենք, որ ըստ նախագծի՝ ՍԴ անդամները պետք է վաղաժամ կենսաթոշակի գնան։
Շաքե Իսայանը հետաքրքրվեց նաև, թե կամավոր վաղաժամ կենսաթոշակի անցնելու ինստիտուտը չի խաթարում պետության կողմից տրամադրվող կենսաթոշակի ինստիտուտի էությունը։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Բադասյանը նշեց, որ արդեն գործող «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորման համաձայն ձևավորված է կամավոր վաղ կենսաթոշակի ինստիտուտ. «Ուսումնասիրել ենք միջազգային փորձը։ Մենք երկու խդնիր ունենք, մեկը, որ պարտադիր վաղ կենսաթոշակի անցնելու ինստիտուտը չի համարվում ընդունելի տարբերակ, հետևաբար ընդունել ենք կամավորության սկզբունքը։ Խնդիրը, որ լուծում է պետությունը սահմանադրական դատարանի նոր մոդել ունենալն է»։