ՍԴ դատավորները նստեն թախտին և գումա՞ր ստանան
«Կառավարությունն այս տարվա բյուջեով Գեղարքունքի մարզի Շատվան, Դրախտիկ, Լիճք համայնքների, ինչպես նաև Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան դպրոցի վերանորոգման համար բյուջեից գումար չի տրամադրել։ Իսկ վերոնշյալ դպրոցներում այնպիսի պայմաններ են, որ ավերված Դրեզդենը կնախանձեր»,- այս մասին այսօր ԱԺ ամբիոնից նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք, որ ներկայացնելով դպրոցների խնդիրները, Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց նաև Panorama.am-ի հրապարակած լուսանկարները, որոնք արվել էին՝ ցույց տալու, թե ինչ խնդիրներ են ծառացած Գեղարքունիքի մարզի դպրոցների առջև։
Զոհրաբյանի խոսքով, մինչ երեխաները նման պայմաններում են սովորում, խորհրդարանը քննարկում է մի նախագիծ, որն ամբողջությամբ քաղաքական է. «ՍԴ խնդիրը, և դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու խնդիրը քաղաքական է։ Այդ մասին իր հարցազրույցների մեկում ասել է ՀՀ առաջիմն փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ գործընթացը։ Հիմա ինչ է ստացվում. մեր իշխանությանը դուրս չի գալիս ՍԴ այս կազմը և հատկապես նրա նախագահը։ Ասել, որ մեր ուշքը գնում է Հրայր Թովմասյան + 6 հոգու համար, շատ մեծ շռայլություն կլինի։ Բայց մենք ուզում ենք, որ մեր երկրում գործընթացները լինեն բացառապես իրավական, և որևէ քաղաքական պրեսինգ, ինչպես եղել է նախկինում, այլևս չլինի։ Իսկ մեզ առաջարվում է, որ մեր և ձեր վճարած հարկերից 630 մլն դրամ մենք վճարենք «Հրայր Թովմասյան ընդ քոմփընի» գումարած 6 դատավորի, որպեսզի նրանք գնան տուն, նստեն թախտին և Հրայր Թովմասյանը ամսական ստանա 1 մլն 375 հազար 712 դրամ, իսկ 6 դատավորներից յուրաքանչյուրը ամսական ստանա 1 մլն 31 հազար 784 դրամ։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ»։
Պատգամավորը հարց հնչեցրեց՝ միայն նրա համար, որ իշխանությանը դուր չի գալիս ՍԴ ներկայիս կազմը, արժե՞ նման քայլ անել. «Ինչ է ձեզ դուր չի գալիս ՍԴ այս կազմը և ուզում եք այդ կոնտոռային փոխել ձեր քիմքին հարիր դատավորներով, մենք հարկատուներս պիտի չլուծենք վերոնշյալ դպրոցների խնդիրները, որտեղ սովորում են մեր և ձեր երեխաները, բայց գումար տրամադրենք մարդկանց, ովքեր մատնվելու են անգործության։ Մի ռեպլիկ ՍԴ այն դատավորներին, ովքեր կգայթակղվեն այս նախաձեռնությամբ. հիշեք, որ որևէ իշխանություն հավերժ չէ, և իշխանության փոփոխությունից հետո ոչ միայն վերադարձնելու են այս գումարները, որ նրանց տրվել է ընդամենը որպես կոմպենսացիա, բարի կամքի դրսևորում, կամ շառից, փորձանքից ազատվելու համար արված քայլ»։
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում» լրացումներ կատարելու և «Պաշտոնատար անձնաց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, ըստ որի՝ ՍԴ դատավորները կարող են կամավոր վաղաժամ կենսաթոշակի գնալ։