ՀԱԷԿ-ի արդիականացման համար տրամադրված ռուսական վարկի օգտագործման ժամկետը կերկարաձգվի
Ռուսաստանը համաձայնել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված ռուսական վարկի օգտագործման ժամկետը երկարացնել մինչև 2021 թվականը: Այս մասին այսօր Մեծամորի ատոմակայանում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով՝ այս տարվա ընթացքում քննարկվել է վարկի երկարացման խնդիրը:
«Այս պահին ունենք փոխհամաձայնություն և ՌԴ ֆինանսների նախարարության կողմից արդեն իսկ երկարացման համաձայնություն ստացվել է։ Այս հարցը կքննարկվի կառավարության առաջիկա նիստում»,- ընդգծեց Սուրեն Պապիկյանը։
Նա նշեց նաև, որ մնացել է լուծել ընդամենը որոշ իրավաբանական հարցեր։
Իրականում, ըստ Սուրեն Պապիկյանի, աշխատանքները բավականին ծանր են, ուստի հաշվի առնելով կառույցի անվտանգության խնդիրների կարևորությունը, երբեմն շտապողականությունը կարող է վնաս հասցնել աշխատանքին:
«Բնականաբար, անհրաժետություն է առաջանում երկարաձգել որոշ աշխատանքների ժամկետը, այդ իսկ պատճառով մինչև 2021 թվականը վարկի երկարացում է նախատեսվում, որը թույլ կտա 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքները հասցնել ավարտին»,- ասաց նախարարը։
Սուրեն Պապիկյանը նշեց, որ Հայաստանի համար ատոմակայանն ունի ռազմավարական նշանակություն, Հայաստանը պետք է ոչ միայն ինքնաբավ լինի էներգետիկ տեսանկյունից, այլ նաև շարունակի մնալ էլեկտրաէներգիա արտահանող երկիր։
Նրա խոսքով՝ հայկական ԱԷԿ-ի մասնաբաժինը հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ կազմում է մոտ 40%, բայց ամբողջական հզորության անցնելու դեպքում այդ ծավալները կարող են հասնել 50%-ի։
Նախարարը նաև հավելեց, որ գործընկերները պետք է ըմբռնումով մոտենան Հայաստանի ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով անվտանգ օգտագործմանը, քանի որ դա մեզ համար ունի կենսական նշանակություն։
Հարցին, թե արդյոք նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտություն կա, Սուրեն Պապիկյանն ասաց, որ հիմա Ռուսաստանը, Կորեան, ԱՄՆ-ն ավելի փոքր հզորությամբ ատոմակայանների նախագծեր ունեն, բայց դրանք դեռևս գործարկված չեն:
«Չեմ բացառում, որ ինչ-որ փուլում, երբ դրանք կգործարկվեն, ապա Հայաստանը նման խնդիր կարող է դնել իր առաջ, բայց այս պահին գործող էներգաբլոկը կարող է իր կյանքը երկարացնել մինչև 2026 թվականը, բայց թույլատրելի է մինչև 2036 թվականը», - ընդգծեց նախարարը:
Հարցին՝ չի՞ բացառում, որ 2-րդ էներգաբլոկն արդիականացումից հետո կարող է շահագործվել մինչև 2036 թվականը, Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց գոնե իր հնարավորությունները դա թույլ են տալիս»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում