Թուրքիան մարտահրավեր կնետի ԵՄ-ին՝ 3-րդ հորատող նավը ուղարկելով Միջերկրական ծով
Թուրքիան «Fatih» և «Yavuz» անունով հորատող նավերը Կիպրոսի ափամերձ ջրեր ուղարկելուց հետո, այժմ 3-րդ հորատող նավը այնտեղ ուղարկելու փնտրտուքի մեջ է, գրում է ermenihaber-ը:
Այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը՝ հղում անելով անգլիական Times թերթին: Նշվում է, որ թերթը Թուրքիայի այս քայլը բնորոշել է որպես Եվրամիությանն ուղղված մարտահրավեր՝ հակառակ Բրյուսելի բազմաթիվ զգուշացումներին:
«Հանդուգն Թուրքիան 3-րդ հորատող նավը կտեղակայի Միջերկրական ծովում» վերնագրով հոդվածում նշվել է, որ Անկարան բանակցություններ է վարում 3-րդ հորատող նավը ձեռք բերելու նպատակով: Բանակցություններ են ընթանում նաև Նորվեգիայի հետ. այդ երկրից է Թուրքիան գնել 1-ին 2 հորատող նավերը:
Թերթն անդրադարձել է նաև նոյեմբերի 27-ին Թուրքիայի ու Լիբիայի միջև Միջերկրական ծովի արևելյան մասում բացառիկ տնտեսական գոտի ստեղծելու ու 2 երկրների համար դրա սահմանները որոշելու նպատակով կնքված համաձանագրին: Հեղինակը նշել է, որ Հունաստանի շահերին հակասող համաձայնագիրը հանդիպում է Աթենքի քննադատությանն ու դատապարտումին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պնդմամբ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը նույնպես իրավունքներ ունի կղզու հարակից ջրերի բնական պաշարների նկատմամբ։ Այս «հիմնավորմամբ» Թուրքիան արդեն 2 հորատող նավ է ուղարկել Կիպրոս կղզու տարածքային ջրեր, որոնք այնտեղ նավթի ու գազի որոնողական աշխատանքներ են իրականացնում: Մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ իրենք կղզում պաշտոնապես ճանաչված միակ պետությունն են, ուստի տարածաշրջանի օգտակար հանածոների նկատմամբ միայն իրեք իրավունքներ ունեն։