Էներգետիկ համակարգում ամենաբարձրը ՀԱԷԿ-ի աշխատակիցների աշխատավարձերն են. փոխնախարար
Այս տարվա ընթացքում ատոմակայանի աշխատողների աշխատավարձերը 10-20%-ով բարձրացել են։ Այս մասին ասաց Հայկական Ատոմային էլեկտրակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը՝ պատասխանելով Panorama.am-ի թղթակցի հարցին, թե ատոմակայանի աշխատակիցները պարբերաբար աշխատավարձերը բարձրացնելու հարց են հնչեցնում, արդյոք նախարար Սուրեն Պապիկյանի՝ ատոմակայան այցի ժամանակ նման հարց քննարկվե՞լ է:
Նրա խոսքով, աշխատակիցների միջին աշխատավարձը 300 հազար դրամից հասել է մինչև 360 հազար դրամի:
«Եթե որևէ մեկը կարող է ասել՝ իր աշխատավարձն իրեն բավարարում է, պետք չէ բարձրացնել, ես չեմ հավատա, դրա համար նորմալ երևույթ է, որ բոլորը բողոքում են»,- նշեց տնօրենը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն էլ ասաց, որ աշխատավարձերը բարձրացել են օպտիմալացման և այլ միջոցների հաշվին։
«Այսօր ատոմակայանի աշխատավարձի ֆոնդը գերազանցում է սակագնային միջոցներով նախատեսված աշխատավարձի ֆոնդը։ Ատոմակայանն իր դրամական հոսքերի կառավարման շնորհիվ առաջացած լրացուցիչ եկամուտներից վերավճարում է այդ լրացուցիչ աշխատավարձերը»,- ընդգծեց նա։
Փոխնախարարի խոսքով՝ աշխատավարձերը, միգուցե, ավելի ցածր են ռուսական կայանների աշխատավարձերից, սակայն պետք է հաշվի առնել, որ ատոմակայանի աշխատակազմը նախատեսված է 2 էներգաբլոկի համար, բայց աշխատում է մեկ էներգաբլոկը, այսինքն՝ մեկ էներգաբլոկի եկամուտներով վճարվում է 2 բլոկի անձնակազմի:
Հակոբ Վարդանյանը նշեց նաև, որ էներգետիկ համակարգում ամենաբարձրը ատոմակայանի աշխատակիցների աշխատավարձերն են, մնացած բոլոր էներգահամակարգի ընկերություններում միջին աշխատավարձը 200 հազար դրամ է։