Դատական համակարգի գերակշիռ մասը ենթակա է վերանայման. Ալեն Սիմոնյան
Դատական համակարգում այսօր խնդիր կա և դատական համակարգի գերակշիռ մասը ենթակա է վերանայման։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կարելի է ասել, որ ՀՀ-ն զավթված է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից: Քաղաքական առումով այդ երկու անձնավորությունը տասնամյակներ շարունակ ստեղծել են այն Հայաստանը, որը պետք է սպասարկեր իրենց: Այդ սպասարկման համակարգի մի մասն է հանդիսացել դատական համակարգը։ Այն լիովին ստեղծված է եղել, որպեսզի սպասարկի այդ ռեժիմին»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Ըստ նրա՝ իրենք փոխեցին իշխանությունը, բայց հետո խնդիր առաջացավ օրենսդիր մարմնի հետ:
«Ես կհիշեցնեմ հոկտեմբերի 2-ը, երբ փորձ արվեց կանգնեցնել համաժողովրդական շարժումը, հեղափոխությունը: Ուզում եմ գաղտնիք բացել: Հոկտեմբերի 2-ից մի քանի օր առաջ Ազգային ժողովի բակում տոնակատարություն էր տեղի ունենում՝ նվիրված խորհրդարանի 100-ամյակին։ Այդ ժամանակ ՀՀԿ-ական երկու պատգամավոր ինձ ասացին, որ քիչ է մնացել, «թեև իրենք թերագնահատել են մեզ, հիմա էլ դուք եք մեզ թերագնահատում, կտեսնեք, թե մի քանի օր անց ինչ կլինի»: Ես չեմ ուզում անուններ տալ: Անկեղծ ասած, ես չհասկացա, թե ինչի մասին է խոսքը, որից հետո տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ը»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ հիմա խնդիր կա դատական համակարգում, որի մասին փաստում են ոչ միայն իշխանության ներկայացուցիչները, բայց երբ քայլ է արվում խնդիրը լուծելու համար, ասում են, թե իշխանությունը փորձում է ձևավորել իրեն հարմար դատական իշխանություն։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ խոսքը չի վերաբերում բոլոր դատավորներին, դատական համակարգում կան բազմաթիվ պարկեշտ անձնավորություններ. «Մենք ուզում ենք ստեղծել դատական համակարգ, որը կգործի անկախ՝ որպես իշխանության երրորդ ճյուղ»:
Հարցին, եթե որևէ դատավոր չընդունի առաջարկը, այդ դեպքում ի՞նչ է լինելու, Ալեն Սիմոնյանն ասաց, որ բոլորը, այդ թվում՝ միջազգային կառույցները ֆիքսել են, որ կա խնդիր. «Սա մեկնված ձեռք է բոլորին: Հիմա կա կոնկրետ մեկնված ձեռք, թե ով կսեղմի այդ ձեռքը, ես չգիտեմ: Ի՞նչ է լինելու, որևիցե կատաստրոֆիկ բան չի լինելու, գնում ենք առաջ, մեկնում ենք մյուս ձեռքը: Թող որևէ մեկի մոտ տպավորություն չլինի, թե իշխանությունը, խորհրդարանը նստած մտածում են՝ բա էսօր ի՞նչ անենք, որ այդ հարցը լուծվի, որովհետև այդ հարցը էսպես թե էնպես լուծվելու է։ Հավատացեք, դա մեր օրակարգի խնդիրների մեջ նույնիսկ առաջին տասնյակի մեջ չէ»։
Նրա խոսքով՝ կարևորն այն է, որ երկիրն ու քաղաքացիներին ավելորդ անգամ ցնցումների չենթարկեն:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ անդրադառնալով ընդդիմադիրների այն փաստարկներին, թե հարկատուների հաշվին չի կարելի նման օրենք ընդունել, բացի այդ նշում էին, որ գյուղերում կան անմխիթար վիճակում գտնվող դպրոցներ, ասաց, որ տնտեսության զարգացման խոչընդոտներից մեկը եղել է դատական համակարգը։
«Դատական համակարգի անկատարության հետևանքն է նաև, որ այսօր ունենք այդպիսի դպրոցներ։ Դրա համար ճիշտ չէ թերագնահատել խնդրի կարևորությունը։ Նաև չի կարելի այնպիսի տպավորություն ստեղծել, թե մեր քաղաքացիներին միայն հետաքրքրում են այդպիսի սոցիալական խնդիրները, քանի որ մեր համաքաղաքացիները գոնե ինտուիցիայով պատկերացնում են, թե խնդիրների արմատը որտեղ է»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է հարկատուների գումարին, Բաբկեն Թունյանն ընդունում է, որ 600 մլն դրամը քիչ գումար չէ, բարձր գին է, բայց այդ բարձր գինն իրենք ստիպված են վճարել, քանի որ շատ ժամանակ է անցել և այդ գնի տոկոսները բարձրացել են և մնացել են իրենց ուսերին:
«Եվ եթե գտնում ենք, որ այդ խնդիրը պետք է լուծվի անցնցում, Հայաստանի ապագային ուղղված այդ գինը՝ 600 մլն դրամը, այդքան էլ մեծ դրամ չէ»,- ընդգծեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան