Նիկոլ Փաշինյանը մեջբերեց չարչրկված ասացվածքը
Կառավարությունը բավականին մեծ գումար է հատկացրել Ամանորյա միջոցառումները կազմակերպելու համար՝ մոտ 270 միլիոն դրամ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ խոսքը բացարձակապես ուտել-խմելու, ճոխությունների, ծափ-ծլնգոցի վրա գումար ծախսելու մասին չէ:
«Մենք սրանով լուծում ենք և պիտի այս ավանդույթը շարունակելով և զարգացնելով՝ լուծել շատ կարևոր սոցիալ- հոգեբանական, տնտեսական, գեղագիտական խնդիրներ»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով, Ամանորյա միջոցառումների կոմպլեքսը նպատակ ունի, որպեսզի Ամանորը մեծ թվով քաղաքացիներ նշեն Հայաստանում, մինչդեռ Ամանորը Հայաստանից դուրս նշելով՝ Հայաստանից գումաներ են արտահոսում, ինչը լուրջ խնդիր է երկրի տնտեսության համար: Կառավարության ղեկավարի խոսքով, այսպես ուզում են նաև խթանել դեպի Հայաստան տուրիստների հոսքը:
«Չեմ հասկացել ու չեմ հասկանա այն շեշտադրումները, թե երկրում այսքան պրոբլեմ կա, դուք տոնի վրա այդքան գումար եք ծախսում: Ես համարում եմ, որ մարդկանց ուղղակի փող բաժանելն իրենց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հնարավոր ամենավատ ճանապարհն է: Արդեն իսկ չարչրկված, մաշված ասացվածքը մեջբերեմ. «Մարդկանց պետք է ոչ թե ձուկ բաժանել, այլ սովորեցնել ձուկ բռնել»: Մեր ամբողջ քաղաքականությունն ուղղված է դրան, որ մարդկանց հնարավորություն ստեղծենք աշխատելով լուծել իրենց սոցիալ-տնտեսական խնդիրները»,-ասաց Ն. Փաշինյանը:
Վարչապետը նաև ավելացրեց. «Ես խնդիր էի դրել, որ ամանորի ու ծննդյան տոնակատարությունների համար նոր երգ գրվի։ Այս երգ գրելու պրոցեսը շարունակենք այնքան ժամանակ, որ մեր գրած ամանորյա երգը նույնքան պոպուլյար լինի Հայաստանում, որքան օրինակ Jingle bells-ը և Happy birthday-ը։ Հիմա այս տարի երեկ իմացա, որ նոր երգ կա ամանորի հետ կապված, որը կներկայացվի Հանրապետության հրապարակում, իմ կարծիքով այս պրոցեսը պետք է շարունակվի այնքան ժամանակ, որ ստեղծվի մի երգ, որը կհաղթի գլոբալ երգերին։ Ես կարծում եմ, որ դա մեր պետական, ազգային ինքնության համար շատ կարևոր է»։
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ դեռ 2017 թվականին համաձայնել է Էդուարդ Շարմազանովը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Անի Խաչատրյան. Հացի խնդիր ունեցող երկրում տեսարան ապահովելու համար այդքան գումար տրամադրելը զավեշտի է նմանվում
- Տնտեսագետ. 750 հազար դոլար ամանորյա միջոցառումներին տրամադրելը եղել է Փաշինյանի հրահանգով
- 277 մլն 797 հազար դրամ՝ ամանորյա Երևանի համար
- Հայաստանն Ամանորի տոների անցկացման լավագույն ուղղություններից է
- Այս տարի Ամանորը կնշվի յուրահատուկ ձևով