Ռոբերտ Քոչարյան. Իրեն Հիսուս Քրիստոս երևակայող անձնիշխան վարչապետը կորցնում է ադեկվատությունը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթին։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։
Հարց- Մարտի 1-ի գործի քննությունն ու դատավարությունն այլևս դուրս են եկել իրավական սահմաններից, անգամ՝ երկրի սահմաններից, հարցը հասել է ՍԴ, Վենետիկ ու ՄԻԵԴ։ Ըստ Ձեզ, ի՞նչ շարունակություն կարող է ունենալ այս գործի քննությունը։
Պատասխան- Այս քրեական գործն առաջին իսկ օրվանից իրավական սահմաններից դուրս էր: Մեղադրանքն ինքնին աբսուրդային է և ոչ մի ընդհանուր բան չունի թե՛ իրավունքի և թե՛ 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների հետ: Սրան ավելացրեք նաև դատավարական նորմերի համատարած խախտումները, դատարանների վրա կոպիտ և անթաքույց ճնշումը: Իմ կալանավորման մասին խայտառակ հեռախոսազրույցի արտահոսքը, վարչապետի կոչով դատարանների արգելափակումը, դատավոր Դավիթ Գրիգորյանի քրեական հետապնդումը, Սահմանադրական դատարանի որոշման արհամարհումը և այդ որոշմանը հաջորդած ՍԴ-ի և նրա նախագահի հանդեպ հարձակումը, ՍԴ նախագահի սանիկների անհեթեթ կալանավորումները և նրա ընտանիքի անդամների շանտաժը, և սա իշխանությունների կողմից ամբողջ արդարադատության համակարգի ճնշմանն ուղղված ակնհայտ հանցագործությունների ամենևին ամբողջական ցանկը չէ: Վստահ եմ, որ բոլոր այս գործողությունների համար ոչ հեռու ապագայում պետք է պատասխան տրվի:
Շինծու գործը չի կարող իրավական հեռանկար ունենալ: Սակայն, հաշվի առնելով իրավական ամենաթողությունը, ներկա իշխանությունների օրոք այս քրեական գործով վերջնական հանգուցալուծմանը կարելի է սպասել ՄԻԵԴ-ի միջամտությամբ:
Հարց- Հասարակության մի շերտ շարունակում է մեղադրել Ձեզ, դեմ է Ձեր կալանքը վերացնելուն։ Այդ տրամադրություններն ինչո՞վ եք բացատրում՝ միմիայն գործող իշխանությունների վարած քաղաքականությա՞մբ, թե՞ Ձեր նախկին գործունեության մեջ էլ եք փնտրում պատճառները։ Ձեր կարծիքով, այդ վերաբերմունքի ո՞ր մասն է օբյեկտիվ, որը՝ սուբյեկտիվ և ուղղորդված։ Ի՞նչ է անում Ձեր թիմն այս էմոցիաներն ու իրավական գործընթացն իրարից տարանջատելու համար։
Պատասխան- Համաձայն Gallup-ի վերջին հարցումների՝ 140 հետազոտված երկրների մեջ Հայաստանի բնակչությունն ամենազայրացածն է: Առաջ ենք անցել նույնիսկ պատերազմից ավերված Իրաքից: Դա իշխանությունների ուղղակի «վաստակն» է, որ արմատավորում են ատելությունն ու չարությունը՝ որպես քաղաքական գործիք: Չարացած վիճակում գտնվող մարդիկ ավելի են ենթակա մանիպուլյացիաների և պատրաստ են իրենց դժգոհությունը կյանքից ուղղել ցանկացած մեկի վրա՝ մնում է միայն մի հակահերոս նշանակել: «Կծեփենք պատերին և կփռենք ասֆալտին» բանաձևը խոսում է դրա հեղինակների մտավոր տկարության և ցնծացող «պողոսների» թերարժեք հոգեվիճակի մասին:
Դա ցանկացած «հեղափոխական» պրոպագանդայի պտուղներից մեկն է և լավ ուսումնասիրված է սոցիալական հոգեբանության կողմից: Մարդկանց իռացիոնալ վարքում բանական պատճառահետևանքային կապեր փնտրելն անիմաստ է: 1998 թվականին բնակչության զգալի մասը պահանջում էր նստեցնել Տեր-Պետրոսյանին և ընդհանրապես՝ ՀՀՇ ամբողջ վերնախավին: Ես այն ժամանակ համարեցի, որ պետք է ապագա կառուցել, այլ ոչ թե պայքարել անցյալի դեմ: Ցանկացած նախագահ ունի քաղաքական հակառակորդներ, որոնք կարող են իրենց կողմնակիցներին ապակառուցողական էմոցիաներ հաղորդել: Սակայն այդպիսի էմոցիաներն արդյունքում շրջվում են հենց այդ տրամադրությունները ստեղծողների դեմ: Այն հասարակությունը, որում մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել: Իմ նախագահության առողջ քննադատությանը ես պատրաստ եմ: Հեգնանքը նրանում է, որ մեղադրանքները, որպես կանոն, ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ: Այն, ինչի համար ինձ կարելի է և արժե քննադատել, չի հիշատակվում ընդհանրապես: Մենք համբերատար բացատրում ենք մարդկանց տեղի ունեցողի էությունը: Մեր գնահատականներով՝ մարդկանց վերաբերմունքը բառացիորեն օրըստօրե փոխվում է: Եկել է տեղի ունեցողի սթափ վերաիմաստավորման և վերագնահատման փուլը, իսկ իշխանությունների ապաշնորհությունն այդ գործընթացի լավագույն խթանիչն է:
Հարց- 2018-ի դեպքերից հետո շատ դժվարությամբ է հայաստանյան քաղաքական դաշտը վերակառուցվում։ Փաստ է, որ ընդդիմադիր դաշտը կազմավորված չէ։ Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, և ի՞նչ է պետք անել, որ երկրում ուժեղ ընդդիմություն ձևավորվի։
Պատասխան- 2018-ի ապրիլին տեղի ունեցած և իշխանափոխության բերած մասսայական ցույցերն իսկական «քաղաքական ցունամի» էին, որի ալիքը քշեց երկրի սովորական քաղաքական լանդշաֆտը: Նման բուռն գործընթացներն ուժեղ իներցիա ունեն, և հասարակությանը ժամանակ էր պետք ռացիոնալ վիճակին վերադառնալու համար: Էյֆորիան և դրա հետ մեկտեղ՝ քաղաքական գործիչների սպասողական վիճակն անցել են, և հիմա ապագա քաղաքական դաշտի նոր գծապատկերի ակտիվ ձևավորում է ընթանում:
Ներուժն այստեղ ահռելի է, քանի որ հասարակության ինտելեկտուալ ռեսուրսը կենտրոնացած է հիմնականում խորհրդարանից դուրս, որտեղ և ծավալվում է հիմնական քաղաքական դիսկուրսը: «Վերնատան» քննարկումը ցույց տվեց երկիրը ղեկավարելու իշխանությունների անկարողության վերաբերյալ լայն կոնսենսուսի և գործուն ընդդիմության կազմավորման անհրաժեշտության առկայությունը: Մեկ տարի առաջ այդպիսի քննարկումն անհնար կլիներ: Այնպես որ, թմրության և տակտիկական սպասման փուլն անցել է, հասարակությունը մտնում է ակտիվ գործողությունների փուլ: Առավել ակտիվները և աշխույժներն առաջատար դերեր կստանձնեն նոր քաղաքական դասավորվածության մեջ: Զգացում կա, որ իրավիճակի նույնական գնահատական ունի նաև խորհրդարանական ընդդիմությունը, ինչն արտացոլվեց նրա ակտիվացմամբ:
Հարց- Ձեր ազատ արձակման ի՞նչ ուղիներ եք տեսնում՝ բացառապես քաղաքակա՞ն պայքարի միջոցով, թե՞ կարծում եք, որ իրավական ուղին դեռ սպառված չէ։ Ինչո՞ւ միջազգային կառույցները, ԵԽԽՎ-ն, ՄԻԵԴ-ը, ՌԴ իշխանությունները, արևմտյան գերտերությունները չեն փորձում միջամտել Ձեր ճակատագրի հարցում։
Պատասխան- Եվրոպական կազմակերպություններն ավանդականորեն դանդաղկոտ են և արագանում են միայն խոշտանգումների և առողջական վիճակով պայմանավորված կյանքին սպառնացող վտանգների պարագայում: Դրա հետ մեկտեղ, նրանց ժամանակ է անհրաժեշտ՝ հասկանալու, որ Հայաստանում տեղի ունեցածն անարյուն իշխանափոխություն էր և ժողովրդավարական էություն չունի: Կարծում եմ, որ շուտով մենք կլսենք նաև եվրոպացիներին, քանի որ իշխանությունների գործողություններն անցնում են բոլոր թույլատրելի սահմանները:
Ռուսաստանը բազմիցս և բավականին պարզ ցույց է տվել իր վերաբերմունքը տեղի ունեցողին:
Հարց- Կարելի՞ է արդարություն ակնկալել Հայաստանի դատարաններից։
Պատասխան- Դատական իշխանությունը գտնվում է գործադիր իշխանության բիրտ ճնշման տակ: Դատավորներն առաջին հերթին գնահատում են իրենց խոցելիության աստիճանը և միայն դրանից ելնելով են վճիռներ կայացնում: Դա արդարադատություն չէ, այլ դատավորների կողմից անձնական ռիսկերի գնահատում:
Կոռուպցիայով կեղտոտված դատավորները և դատախազներն ավելի հնազանդ են ռեժիմին: Իհարկե, կան նաև դատավորներ, ովքեր պահպանել են արժանապատվությունը և մասնագիտական պատիվը, ովքեր պատրաստ են պայքարել իրենց անկախության համար: Իմ հարցով դրական որոշումներն ընդունվել են հենց այդպիսի դատավորների կողմից՝ ի հակառակ դատախազական բեսպրեդելի:
Հարց- Հայաստանում իրավական առումով կասկածելի պրոցեսներ են ընթանում։ Միայն Սահմանադրական դատարանի և նրա նախագահի դեմ ձեռնարկված արշավը նախկինում բավարար կլիներ, որ իրավապաշտպանները խիստ հայտարարություններ անեին, միջազգային հստակ արձագանք լիներ։ Ինչո՞վ եք բացատրում քաղաքացիական հասարակության այս ինֆանտիլությունը։ Ինչպե՞ս փոխել իրավիճակն այս հարցում։
Պատասխան- Պարզվեց՝ Հայաստանի իրավապաշտպան համակարգի նախկին կառուցվածքը ֆեյք էր, և այն ամբողջովին փլուզվեց: Ըստ էության, այն ստեղծվում և ֆինանսավորվում էր որոշակի ուղղվածության ընդդիմադիր ուժերի սպասարկման համար: Իրենց կոչմանը հավատարիմ քիչ իրավապաշտպաններ մնացին: Այսօր իրավապաշտպան գործունեությանն անկեղծ նվիրված մարդկանցից նոր հանրույթ է ձևավորվում, որոնք ունակ են վեր կանգնել իրենց քաղաքական հակումներից: Իմիջիայլոց, նրանց ինտելեկտուալ և բարոյական մակարդակն անհամեմատելի բարձր է պրիմիտիվ և ծուլացած գրանտակերների մակարդակից:
Հարց- Առաջիկայում Արցախում ընտրություններ են, բանակցային պրոցեսը մտել է փակուղի։ Ի՞նչ պետք է անի Արցախի ղեկավարությունը, և ո՞ւմ եք տեսնում Արցախի նախագահի պաշտոնին՝ որպես այս փուլում արժանի իրավահաջորդի։
Պատասխան- Փաշինյանի այն լոզունգը, թե լուծումը պետք է բավարարի հակամարտության բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է, միջնորդի պարզմիտ բանաձև։ Դա ուղիղ ապացույցն է այն բանի, որ Հայաստանը չունի գործողությունների պլան: Բրատիսլավայում կայացած բանակցությունների վերջին շրջափուլը և դրա շուրջ զարգացող իրադարձությունները ցույց տվեցին մեր իշխանությունների բանակցային ռազմավարության բացարձակ սնանկությունը (եթե, իհարկե, այդպիսի ռազմավարություն ընդհանրապես գոյություն ունի)։ Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի և հստակ սահմանի իր դիրքորոշումը կարգավորման հիմնական բաղադրիչների վերաբերյալ: Միայն այդպես է հնարավոր խուսափել անուղղելի հետևանքներից: Ընդ որում, Արցախը պարտավոր է հենվել իր Անկախության հռչակագրի և Սահմանադրության վրա՝ չվախենալով ՀՀ իշխանության հետ տարաձայնություններից:
Իշխանության հռչակված իրավահաջորդի բացակայությունը բերեց քաղաքական դաշտի ծայրահեղ հատվածականացման: Ղարաբաղյան էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող նախագահի թեկնածուների այսպիսի քանակ երբեք չի եղել: Սա ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ՝ մասնատվածության դրսևորում, ինչը մարտահրավեր է Ղարաբաղի անվտանգությանը: Ժողովրդավարության սահմանագիծն Արցախում պետք է պայմանավորված լինի անվտանգությամբ, ոչ թե հակառակը: Ընտրություններին արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների միակցումը հարցեր է առաջացնում: Այդպիսի կազմակերպություններ և պացիֆիստական կրոնական աղանդներ Արցախում չպետք է լինեն ընդհանրապես: Տեղի ունեցողն ավելի վտանգավոր է, քան շփման գծում գրանցվող ռազմական միջադեպերը, քանի որ դրանով ոչնչացվում են հենց այն արժեքները, որոնց շնորհիվ մենք հաղթել ենք: Կցանկանայի սխալվել, բայց իմ աչքերում սա Ղարաբաղի վզին փաթաթված սցենար է երևում, և թվում է, որ այն իրականացվում է Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ: Անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի, քմահաճույքներին: Այդ որակները հատուկ են տկար և թույլ անձերին, իսկ այդպիսի «առաջնորդությունը» կարող է աղետալի հետևանքներ ունենալ Արցախի համար: Այնտեղ պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ: Հուսամ՝ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի:
Հարց- Ի՞նչ եք կանխատեսում 2020 թվականին, ի՞նչ սցենար եք տեսնում Հայաստանի համար։
Պատասխան- Իշխանությունը, որի լեգիտիմությունը հանգուցված է մեկ անձի վրա, չի կարող կայուն լինել, անկախ պատգամավորական մանդատների քանակից: Երկիրը ղեկավարելու անունակությունը, աշխատանքում համակարգվածության բացակայությունը խթանել են իշխանությունների ակտիվ ապալեգիտիմացումը: Վարչապետը մոլեռանդ կողմնակիցներ գործնականում այլևս չունի: Տնտեսական և սոցիալական քաղաքականության հստակ ուղղվածության բացակայությունը չի ապահովում այդ քաղաքականության շահառու սոցիալական խմբերի աջակցությունը: Ակնառու է երկու տրամագծորեն հակառակ ուղղվածության արագացող գործընթացների բախումը: Մի կողմից՝ արբեցնող էյֆորիայից հետո վերականգնվում է հասարակության ադեկվատությունը: Մյուս կողմից՝ իրեն Հիսուս Քրիստոս երևակայող անձնիշխան վարչապետը կորցնում է ադեկվատությունը: Դա բազմապատկում է նրա ժողովրդականության անկման արագությունը և թույլ է տալիս վստահ լինել, որ այս ամենը կավարտվի արտահերթ ընտրություններով: Ի դեպ, շատ բարձր է հավանականությունը, որ դա տեղի կունենա արդեն մյուս տարի։ Դա կախված է ընդդիմության՝ ջանքերը միավորելու ունակությունից և վճռականությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին