Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել ու հաջողություններ է մաղթել նորընտիր պատրիարքին
Պոլսի Հայոց պատրիարքի թեկնածու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գրառում է կատարել ֆեյսբուքում՝ շնորհավորելով ու հաջողություններ մաղթելով է մյուս թեկնածու Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, որը կդառնա նորընտիր պատրիարք։
Գրառման մեջ ասվում է․ «Ազգային պատգամաւորական ժողովը այսօր կ՚ընտրէ Պոլսոյ Պատրիարքական Աթոռի 85-րդ գահակալը։ Շաբաթավերջի քուէարկութեան արդիւնքին հետ ուղիղ համեմատութեամբ գահ կը բարձրանայ Բարձր. Տ. Սահակ Ս. Եպսկ. Մաշալեան, որ վերջին շրջանին կը վարէր տեղապահի պաշտօն եւ այժմ արդէն կը ստանձնէ մեր նուիրապետական ու սուրբ Աթոռին ղեկը։ Այսու կու գանք անկեղծօրէն շնորհաւորել նորընտիր պատրիարքը, որուն կը մաղթենք յաջողութիւններ։
Որպէս Պոլսոյ Աթոռի հոգեւորականաց դասու երիցագոյն անդամը՝ կը մաղթենք, թէ այս նոր շրջանին թրքահայ ազգային-եկեղեցական կեանքէն ներս վերահաստատուի միասնականութիւնն ու եղբայրութիւնը։
Մեր աղօթքն է, որ այս դարաւոր Պատրիարքական Աթոռին առջեւ բացուի ծաղկուն նոր շրջան մը եւ անոր առաքելութիւնը արգասաւորուի նոր ձեռքբերումներով՝ ի պայծառութիւն մեր սուրբ Եկեղեցւոյ եւ ի շահ մերազն ժողովուրդին։
Տէրը անսասան պահէ Պոլսոյ Հայոց Պատրիարքութիւնը եւ իր Սուրբ Հոգին անպակաս ընէ մերազն հաւատացեալ ժողովուրդի վրայէն»։
Նշենք, որ Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները տեղի են ունենում 3 փուլով: Ըստ այդմ 1-ին փուլով դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրվել են տեղի հոգևորական պատվիրակները, որոնց թիվը 17-ն է:
Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության 2-րդ փուլը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները ընտրել են աշխարհիկ պատվիրակներին։ Այս ընտրության ժամանակ Համայնքի կողմից ընտրվել է 103 աշխարհիկ պատվիրակ, որոնցից 89-ը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներ էին, իսկ 12-ը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի: Այսօր էլ արդեն պատվիրակներն ընտրում են պատրիարքին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան