Արայիկ Հարությունյան. Բանակցային գործընթաց չկա ու չի էլ եղել
Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով պատրաստվում է պայքարել Արցախի նախագահ դառնալու համար, Երևանում լրագրողների հետ հանդիպմանը պնդեց՝ այսօր ԼՂ խնդրի կարգավորման շուրջ բանակցություններ չկան։
«Ու ոչ էլ եղել են վերջին 12-15 տարիների ընթացքում։ Հանդիպումներ եղել են, բայց դրանք չի կարելի կոչել բանակցություններ, եթե չկա գլխավոր կողմը՝ Արցախը։ Չի կարող լինել բանակցություն առանց Արցախի»,-հայտարարությունն այսպես հիմնավորեց նա։
Նախկին պաշտոնյայի խոսքով, Ադրբեջանի ու Հայաստանի իշանությունների ներկայացուցիչների հանդիպումներում քննարկված փաստաթղթերի սկզբունքներն անընդունելի են Արցախի ժողովրդի ու հայ ժողովրդի համար։
«Այսօր էլ բանակցություններ չկան, ընդամենը կոշտացել, խստացել է մեր դիրքորոշումը, որը ներկայացնում է Հայաստանի իշխանությունը։ Այն միտքը, որ Արցախի անվտանգությունն ու ինքնորոշումը սակարկման առարկա չեն, չի կարող քննարկվել, չի կարող լինել բանակցության թեմա։ Սա մեր նախապայմանն է եղել»,-ասաց նա։
Հարությունյանն ընդգծեց, թե Հայաստանում, թե Արցախում այն իշխանությունը, որը շեղվել է այդ կուրսից, ապագա չի ունեցել և այդպես լինելու է հետագայում։ Եթե քննարկման նյութը չի բխում Արցախի ու հայ ժողովրդի շահերից, կամ պետք է կտրականապես հրաժարվեն բանակցություններից, կամ արժանանալու են նախորդների ճակատագրին ու ստիպված են լինելու հրաժարվել իշխանությունից։
Նախկին վարչապետն ասաց՝ աշխատանքային նորմալ հարաբերություններ է ունեցել Հայաստանի նախկին իշխանությունների հետ։
«Ես գոհ էի մեր տնտեսական համագործակցությունից, դժգոհ արցախյան խնդրի վերաբերյալ տարվող քաղաքականությունից։ Հստակ այդ գիծը կար»,-մանրամասնեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան