Գրեգորի Վ. Դիլը կներկայացնի իր «Բրենդի հեղափոխություն» բեսթսելերի հայերեն թարգմանությունը
Ամազոնի բեսթսելերի հեղինակ, գործարար, գրող, քոուչ Գրեգորի Վ. Դիլը հանրությանը կներկայացնի իր «Բրենդի հեղափոխություն» բեսթսելերի հայերեն թարգմանությունը: Գրքի շնորհանդեսը կանցկացվի դեկտեմբերի 12-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում:
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունից հայտնում են, որ «Բրենդի հեղափոխություն. ինչպես ստեղծել ընկերության յուրօրինակ պատմություն՝ ձեր արտադրանքը անդիմադրելի դարձնելու համար» գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:
«Շատ ձեռնարկատերերի համար այսօր դժվար է պատկերացնել, թե որտեղ են իրենց գաղափարները հանճարեղ դառնում, կամ ինչումն է կայանում դրանց հանճարեղությունը: Կենտրոնանալով ապրանքանիշի առաջնային և ամենատեսանելի հատկանիշների վրա՝ ձեռնարկատերերը մոռանում են իրենց գործունեության հիմնական արժեքների և բովանդակության մասին: Առանց սեփական արժեհամակարգի՝ ձեռնարկատերը չի կարող գրավել շուկայի հետաքրքրությունը և ներթափանցել իր համար ցանկալի շուկաներ: «Բրենդի հեղափոխություն» գիրքը գրելու ընթացքում իմ նպատակը եղել է օգնել արդի բիզնեսի սեփականատերերին և ձեռնարկատերերին, որպեսզի նրանք ստեղծեն հեռանկարային և արժեքավոր գաղափար ու բովանդակություն. ունենան արժեքավոր և ինքնատիպ բրենդ ու կարողանան աշխարհին ներկայանալ իրենց յուրօրինակ պատմությամբ»,-գրքում գրում է Գրեգորի Վ. Դիլը:
Հեղինակը հավելում է. «Իմ կողմից առաջարկվող ռազմավարությունները Ձեզ կօգնեն մեծացնել շուկայի վրա ունեցած ազդեցությունը՝ գործունեության առաջին օրվանից մինչև հեռավոր ապագա: Ունենալով բրենդի ինքնատիպություն՝ կկարողանաք հասնել հաջողության՝ առանց բազմաթիվ սխալներ գործելու: Դա կարող է Ձեզ համար դառնալ շուկայում գերիշխող դիրք գրավելու հիմքը: Ցանկացած ձեռնարկատեր տիրապետում է ներուժի, որով կարող է առանձնանալ իր մրցակիցներից: Եթե փորձեք բովանդակություն և արժեք մտցնել Ձեր գործունեության և մեթոդների մեջ, գնորդը կդադարի բնազդաբար համեմատության մեջ դնել Ձեզ և Ձեր մրցակիցներին: Բացի դրանից, այդ ամենի հետևանքով կարող եք ստեղծել ամբողջովին ուրիշ և յուրօրինակ աշխարհ հաճախորդների համար, որի շնորհիվ կլինեք ոչ թե ոլորտի լավագույն խաղացողը, այլ կլինեք միակը, որը կբավարարի հաճախորդի պահանջմունքներն այդ ոլորտում: Այս գիրքը կօգնի Ձեզ ճամփորդել անձնական հայտնագործության և արժեհամակարգի ստեղծման աշխարհում: Այդ ճամփորդության ընթացքում պետք է պատրաստ լինեք ստանալ այնպիսի բարդ հարցերի իրական պատասխանները, ինչպիսիք են՝ «Ո՞վ եք Դուք», «Ինչի՞ եք փորձում հասնել այս աշխարհում»: Պատրա՛ստ եղեք Ձեր հաճախորդներին առաջարկելու իրենց խնդիրների լուծման նորարարական և եզակի եղանակներ: Ցո՛ւյց տվեք Ձեր անհատականությունն ու արժեհամակարգը, որոնք կդառնան ամբոխից առանձնանալու բանալիները: Ուղղակի մի կողմ դնելով այն ավանդականը, ինչ գիտեք գործարարության մասին, Ձեր բիզնեսը կդարձնեք ավելի հաջողակ: Արդեն հեղափոխության ճանապարհին եք, որը մեկընդմիշտ կփոխի Ձեր գործելաոճը գործարար աշխարհում»:
Ի դեպ, նշենք, որ գրքի շնորհանդեսը կուղեկցվի բացառիկ թրեյնինգով, որը կվարի անձամբ հեղինակը: