Թադևոս Ավետիսյան. Գրանցված աշխատողների թվաքանակի աճն աննախադեպ չէ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն անդրադարձել է կառավարության ղեկավարի՝ նոր աշխատատեղերի վերաբերյալ հրապարակված տվյալներին։ Իր հերթական հոդվածում նա գրում է.
«Վերջին տվյալները պաշտոնական վիճակագրությամբ դեռևս չի հրապարակվել, սակայն վարչապետի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
«2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 81534 նոր աշխատատեղ»:
Իրականում խոսքը վերաբերում է պաշտոնապես գրանցված աշխատողների թվաքանակի աճին, որը մեծ ոգևորությամբ, պարբերաբար ներկայացվում է օրվա իշխանությունների կողմից:
Այս ցուցանիշի աճի միտումների և դրանց սոցիալական ուղղակի ազդեցության վերաբերյալ ամբողջական պատկեր ունենալու համար անհրաժեշտ է ներկայացնել նաև այլ փաստեր:
Նախ պետք է արձանագրել, որ իշխանափոխությունից առաջ՝ 2017 թվականից սկսած, կայուն աճում է գրանցված աշխատողների թվաքանակը: Ավելին՝ այս ընթացքում աճի ամենաբարձր տեմպը գրանցվել է 2018 թվականի առաջին 4 ամիսներին՝ նախորդ իշխանությունների օրոք:
Մասնավորապես, 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին գրանցված աշխատողների թվաքանակը 509549-ից հասավ 538317: Այս ընթացքում գրանցված աշխատողների թվաքանակն աճել է 28768-ով: Այսինքն՝ 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին գրանցված աշխատողների թվաքանակի միջին ամսական աճը կազմել է 7192 (հղումը՝ https://www.armstat.am/file/article/sv_10_19a_142.pdf):
Իսկ գործող իշխանությունները հետևողականորեն անտեսում են բնութագրական հետևյալ խնդիրը՝ իշխանափոխությունից հետո (2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի նոյեմբեր) գրանցված աշխատողների թվաքանակի ամսական միջին աճը 40 տոկոսով նվազել է և կազմում է 4292՝ հաշվի առնելով այդ ժամանակահատվածում գրանցված աշխատողների թվաքանակի աճի ցուցանիշը՝ 81534:
Սոցիալական ազդեցության և գործազուրկների թվաքանակի իրական կրճատման տեսանկյունից էլ հատկանշական է հետևյալ հարցադրումը.
«Ավելացող աշխատատեղերի ո՞ր մասն են կազմում ստվերից դուրս բերված աշխատատեղերը և ո՞ր մասն է բաժին ընկնում իրականում նոր ստեղծված աշխատատեղերին»:
Այս հարցին պատասխանելու համար պաշտոնական վիճակագրությունից բերենք բնութագրական որոշ ցուցանիշներ:
Նախ՝ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցված աշխատողների թվաքանակն աճել է 46000–ով:
Այդ նույն ժամանակահատվածում զբաղվածության պետական գործակալությունում գրանցված չկրկնվող թափուր աշխատատեղերի թիվը եղել է 12385, որից ընդամենը 220-ը՝ նոր ստեղծված աշխատատեղեր (հղումը՝ https://www.armstat.am/am/?nid=82, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականին՝ ըստ ամիսների հրապարակումներ, բաժին 1.4.1):
2019 թվականի հոկտեմբերի դրությամբ աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը կազմում է 45577, որոնցից շուրջ 12000-ը կամ 26 տոկոսը համագործակցում են զբաղվածության պետական գործակալության հետ (հղումը՝ https://www.armstat.am/file/article/sv_10_19a_142.pdf): Այս համամասնությամբ գնահատած՝ զբաղվածության պետական գործակալության հետ չհամագործակցող կազմակերպություններում նոր ստեղծված աշխատատեղերի թիվը կստացվի շուրջ 630:
Փաստորեն՝ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին նոր ստեղծված աշխատատեղերի ընդհանուր թիվը 850 է՝ 220 + 630, որը կազմում է այդ ժամանակահատվածում նոր գրանցված աշխատողների թվաքանակի (46000) շուրջ 2 տոկոսը:
Այլ կերպ ասած՝ ընթացիկ տարում գրանցված աշխատողների թվաքանակի աճի 98 տոկոսը ստվերի կրճատման արդյունք է, որը գործազրկության իրական պատկերի վրա չունի ուղղակի ազդեցություն:
Պատկերն ամբողջական ներկայացնելու առումով գործող իշխանություններին առաջարկում ենք զուգահեռաբար անդրադառնալ նաև վերը բերված առարկայական փաստերին և մտահոգիչ միտումներին»։
Հարակից հրապարակումներ`
- Թադևոս Ավետիսյան. «Փիղը երկնեց և մուկ ծնեց» կամ հաստատվեց «Աշխատիր Հայաստան» ծրագիրը
- Թադևոս Ավետիսյան. Վարչապետի «100 փաստերում» ներառման առաջարկ
- Իշխանությանը՝ «100 փաստերը» լրացնելու առաջարկ՝ Թադևոս Ավետիսյանից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան