Խորանաշատ վանքը և կարասը` «Եվրոպա Նոստրա» 7 ամենավտանգված հուշարձան 2020-ի ցանկում
Հրապարակվել է 2020 թվականի եվրոպական մշակութային ժառանգության 7 ամենավտանգված հուշարձան ծրագրի հավակնորդների նախնական ցանկը, որում տեղ է գտել 2 առաջադրում Հայաստանից` Տավուշի մարզի Խորանաշատ վանքը և կարասը` որպես գինու պատրաստման համար օգտագործվող հայկական ավանդական տարա: Եվրոպայի ամենավտանգված ժառանգության վերջնական յոթնյակը կհրապարակվի 2020 թ. մարտին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
«Եվրոպա Նոստրան» Եվրոպայի մշակութային և բնության ժառանգության պահպանման և խթանման ուղղությամբ գործող քաղաքացիական հասարակության ձայնն է: Այն ժառանգության պահպանման հասարակական կազմակերպությունների համաեվրոպական ֆեդերացիա է, որին աջակցում է պետական մարմինների լայն ցանցը, մասնավոր ընկերություններ և անհատներ` ընդգրկելով ավելի քան 40 երկիր: Հիմնադրվելով 1963 թվականին` այն այսօր ճանաչված է որպես Եվրոպայում ժառանգության ոլորտի ամենաներկայացուցչական ցանցը: Կազմակերպության նախագահն է հայտնի օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն:
2013 թվականի հունվարին մեկնարկած «7 ամենավտանգված հուշարձան» ծրագիրը քաղաքացիական հասարակության արշավ է` միտված Եվրոպական վտանգված ժառանգության փրկությանը: Թեև այն ուղղակի ֆինանսավորում չի տրամադրում, սակայն բարձրացնում է խնդրի մասին իրազեկվածությունը, հրապարակում առկա վտանգի սեփական գնահատումը, առաջարկում գործողությունների հնարավոր ծրագրեր` հասարակական և մասնավոր աջակցությունը մոբիլիզացնելու համար: Ծրագիրը իրականացվում է Եվրոպա Նոստրայի և «Եվրոպական ներդրումների բանկ» ինստիտուտի կողմից` Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցությամբ:
Եվրոպական ժառանգության 14 հուշարձաններ, որոնք նոմինացվել են «7 ամենավտանգված հուշարձան 2020»-ի համար.
Ալբանիայի Ազգային Թատրոն, Տիրանա, Ալբանիա
Կարաս - գինու ավանդական տարաները, Հայաստան
Խորանաշատ Վանք, Տավուշի մարզ, Հայաստան
Եզերի ամրոց, Հորնի Յիրետին, Չեխիա
Տապիոլա լողավազան, Էսպոո, ֆինլանդիա
Սամեզանո ամրոց, Տոսկանիա, Իտալիա
Սիբարիսի հնագիտական պարկ, Իտալիա
Իվիք տուն, Վասսենաար, Նիդերլանդներ
Y-block, Կառավարական թաղամաս, Օսլո, Նորվեգիա
Սոմբիերկի էլեկտրակայան, Բիտոմ, Լեհաստան
Բելգրադի ամրոցը և շրջակայքը, Սերբիա
Պլեչնիկ մարզադաշտ, Լյուբլյանա, Սլովենիա
Cuatro Caminos մետրոյի կայանատեղի, Մադրիդ, Իսպանիա
Եգիպտական սրահներ, Գլազգո, Միացյալ Թագավորություն:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում պատմամշակութային հուշարձանները վտանգված են
- ՀՀ-ում 416 հուշարձան առավել վտանգված է
- Երերույք հնագիտական հուշարձանը՝ Եվրոպա Նոստրայի «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին