Առատաձեռնություն՝ դատավորների «պատվավոր անգործության» համար
«Հրայր Թովմասյանը, ինչպես նաև ՍԴ բազմաթիվ այլ անդամները մեր կուռքը չեն»,- այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Պատգամավորի խոսքով, այդ պատճառով խմբակցությունը դեմ քվեարկեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի նախագծին, քանի որ կողմ լինելու դեպքում պետք է ՍԴ դատավորները իրենց՝ օրենքով նախատեսված գործառույթները չիրականացնելու համար պատվավոր թոշակի ուղարկվեն։
«Էստեղ խնդիրների ու սկզբունքների անհամապատասխանություն կա։ Այո, մենք վերապահում ունենք ՍԴ անդամների կատարած աշխատանքի հետ կապված, բայց էստեղ խնդիրը այդ չէր։ Իշխանությունը նշում է, որ կյանքի է կոչում հանրության վստահությունը չվայելող դատավորներին պատվավոր արձակուրդի ուղարկելու հնարավորությունը»,-ասաց նա։
Տոնոյանի խոսքով, իշխանությունը մի կողմից ֆիքսում է, որ ՍԴ դատավորները հանրության վստահությունը չեն վայելում, մյուս կողմից խիստ առատաձեռն թոշակներ է բաշխում նրանց «պատվավոր անգործության» համար։
Պատգամավորի համոզմաբ, նախագիծը կյանքի է կոչվում ոչ թե իշխանության «բարի կամքից», այլ Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու տապալված նախագծի տրամաբանությունից ելնելով։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, որ իրենք իրենք անձերի համար չեն պայքարում, իրենց նպատակը սահմանադրականության հասնելն է։
Պետրոսյանը նշում է, որ հենց իշխանությունն է ասել՝ օրենքի նախագիծը քաղաքական նպատակներ է հետապնդում. «Իսկ մենք չենք ուզում ՍԴ-ն տեսնել քաղաքական ֆուտբոլի գնդակի կարգավիճակում»։
Հարցին, թե ինչու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը որևէ նախագիծ չի բերում՝ ՍԴ խնդրի հետ կապված, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց, որ իրենք ցանկացած գործընթացից առաջ ուսումնասիրում են դրա իրավական հիմնավորվածությունը և փաստական հանգամանքների առկայությունը. «Էնպես չի, որ մենք ինչ-որ ցուցանիշ գրանցելու և ժողովրդի աչքին երևալու համար պիտի ծրագրեր բերենք»։