Սահմանադրագետ. Չի կարելի ունենալով ժողովրդի աննախադեպ մեծ վստահությունը՝ օրինաստեղծ գործունեությունը վերածել ամենաթողության
«Եթե օրենքն ընդունվում է անհեթեթ հիմնավորմամբ, անտրամաբանական հիմքի, սա ավելի վատթար վարքագծի դրսևորում է, քան զոռբայությամբ և այլ միջոցներով Սահմանադրական դատարանի, ասենք, նախագահի պաշտոնը ստանձնելը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ խոսելով Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի մասին, որն այսօր 82 կողմ և 34 դեմ հարաբերակցությամբ՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից:
Նրա խոսքով, սա կարել է դասել անհեթեթության շարքին, իսկ օրենքը, իրավունքը չի կարող լինել անհեթեթություն: Սահմանադրագետն ասաց, որ մյուս կողմից իշանությունները նման մոտեցման մեկ այլ նախադեպ ստեղծել են արդեն ի դեմս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի, որը փաստացի աշխատանքի չի գնում, նիստերի չի մասնակցում, ոչ մի բան չի անում, բայց պետական բյուջեից ստանում է աշխատավարձ, հավելավճարներ:
«Նույն կերպ փորձում են շահագրգռել նաև ՍԴ մյուս դատավորներին: Բայց ցավալին հետևյալն է. այս խնդրի լուծման այս մեթոդաբանությանն էապես կարող է Ազգային ժողովին որպես ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի, պետական իշխանության օրենսդիր մարմնի, նրա հեղինակությունն էլ ավելի գլորել դեպի գերեզման:
Ազգային ժողովի վարկանշին առաջին լուրջ հարվածն այն էր, երբ որ ԱԺ-ն դիմեց ՍԴ-ին դատարանի նախագահին պաշտոնանկ անելու հարցով: ՍԴ-ի առաջին ապտակն այն էր, որ վարույթ չընդունեց ԱԺ դիմումը: Էլ ավելի խորը վարկաբեկելու երկրորդ ապտակը ո՞րը կարող է լինել: Օրենսդրական պարզ ընթացակարգ ասեմ. օրենքը կընդունվի, կստորագրվի, ուժի մեջ կմտնի, ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, որոնք դեմ են քվեարկել այս օրենքին, ԱԺ պատգամավորների 1/5-րդով, սահմանադրական կարգավորում է, դիմում են ՍԴ և այս փոփոխությունը ՍԴ-ն ճանաչում է հակասահմանադրական և ուժը կորցրած: Սա շատ հեշտ ու հանգիստ կարող է լինել»,- մանրամասնեց նա:
Վ. Այվազյանի խոսքով, Հայաստանում տեղի ունեցող իրավական, քաղաքական գործընթացներին հետևում են միջազգային կառույցները, շատ երկրներ, այս առումով էապես դարձյալ կնվազի ԱԺ վարկանիշը, իսկ ԱԺ վարկանիշի նվազումը կհանգեցնի Հայաստանի վարկանիշի անկմանը միջազգային հանրության մոտ:
Նա նշեց, որ Վահե Գրիգորյանի ՍԴ դատավոր լինելու հանգամանքն արդեն հակասահմանադրական ու հակատրամաբանական է, էլ չասած նրա կողմից ՍԴ նախագահի պաշտոնի ստանձնելը:
«Ամբողջ խնդիրն այն է, որ չի կարելի ունենալով ժողովրդի աննախադեպ մեծ վստահությունն ու աջակցությունը՝ օրինաստեղծ գործունեությունը վերածել ամենաթողության: Ոչ մի տեղ չկա նման ամենաթողություն: Օրենք գրելը, ընդունելը, օրենք ստեղծելը պետք է լինի սահմանափակ տրամաբանական շրջանակներում և իշխանությունը իրավունք չունի, ասենք, ամենաթողության պայմաններում ցանկացած օրինագիծ ընդունել: Ոչ մի ժողովրդավարական երկրում նման բան չկա: Այս տրամաբանությամբ ցանկացած անտրամաբանական օրենք կարելի է ընդունել՝ սկսած վտարանդիության, ծխախոտի և այլնի վերաբերյալ, այսինքն՝ ամեն ինչ, որը տրամաբանության չունի, այլ միայն հիմնավորվում է նրանով, որ ես ունեմ անսահմանափակ մանդատ իմ ժողովրդի կողմից և թույլատրվում է ամեն ինչ անել: Սրանով մենք պետականություն, պետական կառույց չենք կարող ձևավորել»,- նշեց սահմանադրագետը:
Ընդհանրապես, խոսելով ԱԺ ընդունած ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի մասին՝ նա ասաց, որ նպատակը հստակ է՝ ազատվել ՍԴ անցանկալի դատավորներից և նրանց փոխարինել նորերով:
«Եթե նախկին իշխանությունները խեղաթյուրում էին օրենքի, իրավունքի, Սահմանադրության էությանն ու տրամաբանությունը, ապա նույն ուղղությամբ ընթանում են այսօրվա իշխանությունները: Մինչդեռ հեղափոխությունը պետք է որակապես նոր մակարդակ ապահովեր մեր պետական կառույցի զարգացման համար»,- նշեց նա:
Վ. Այվազյանի խոսքով, օրենքն ընդհանրապես չի կարող ընդունվել նեղ անձանց շրջանակի համար, կարող է շատ վատ նախադեպ հանդիսանալ, ընդհանրապես Հայաստանում իրավունքը կորցնի իր էությանը:
«Այսինքն նմանատիպ երևույթներով անէանում է պետական կառույցի էությանը. եթե շարժվենք այսօրվա տրամաբանությամբ, որ ամեն ինչ կարելի է օրենքով ընդունել և կարգավորել անկախ դրանից, թե այդ օրենքի հիմքում ինչ է ընկած: Մինչդեռ օրենքի հիմքում պետք է ընկած լինի բացառապես իրավունքի էությանը և տրամաբանությունը:
Նույն տրամաբանությամբ, հաջորդ քայլով կարելի է մեծ գումարով թոշակի ուղարկել ԱԺ այն պատգավորներին, որոնք դեմ են ստամբուլյան կոնվենցիային, կամ ՍԴ դատավոր կամ անդամ լինելու դեպքում հաշվի առնվի այն չափանիշը՝ արդյոք կողմ է ստամբուլյան կոնվենցիան: Այսպես ունենում ենք արատավոր շրջափուլ, և մեր պետությունը կարծես թե վերածվում է կրկեսի»,- ասաց նա:
Սահմանադրագետն ընդգծեց, որ վտանգավորության աստիճանով ամենավտանգավորն այն է, երբ պետական կառույցն ու իրավական համակարգն անէանում են, կորցնում են իրենց իմաստն ու բովանդակությունը:
«Ցանկացած բնույթի գործող իրավունքի դրույթների խախտումն իր հանրային վտանգավորության առումով ավելի մեղմ է, քան այն դեպքում, երբ որ խեղաթյուրվում է օրենքի և իրավունքի էությանը: Այս տեսակետից, կարծում եմ, անթույլատրելի է, որպեսզի ԱԺ-ն նման հիմնավորումներով ընդունի օրենք՝ մի կողմ թողնելով այն հանգամանքը, թե դրա նպատակը բարի են, թե ոչ»,- նշեց Վ. Այվազյանը:
Նա ասաց, որ այդ կառուցակարգերը պետք է նախատեսվեն բացառապես սահմանադրական փոփոխությունների միջոցով, իսկ փոփոխությունները պետք է լինեն խիստ գրագետ, հայեցակարգային, գաղափարախոսական առումով իմաստավորված, միտված լինեն բացառապես պետական կառույցի կատարելագործմանը, որակականության բարձրացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Դատական համակարգի գերակշիռ մասը ենթակա է վերանայման. Ալեն Սիմոնյան
- Առատաձեռնություն՝ դատավորների «պատվավոր անգործության» համար
- Դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքն ընդունվեց
- Դատավորների՝ վաղ կենսաթոշակի գնալու օրենքի նախագիծը ընդունվեց
- ՍԴ-ն պետք է լիներ մեր երկրի մոմը. Սասուն Միքայելյան
- ՍԴ դատավորները նստեն թախտին և գումա՞ր ստանան
- ՍԴ կեղծ ճգնաժամից դուրս գալու համար գնում են իրական ճգնաժամի. Իսայան
- Ծառուկյանը «աբսուրդ» է որակում ՍԴ անդամներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը
- ՍԴ-ում ճգնաժամ չկա, կա վստահության խնդիր. Էդմոն Մարուքյան
- Հարկադրաբար ՍԴ որևէ դատավոր չի կարող թոշակի ուղարկվել. Տոնոյան
- Կառավարությունն ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծերի փաթեթը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին