Ինտերնետային խարդախություններ. զոհ են դառնում հիմնականում 1960-ականներին և ավելի վաղ ծնված անձիք
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հրապարակել է Հայաստանում կիբերհանցագործությունների դինամիկայի մասին տվյալներ:
Կիբերհանցագործությունների կատարման դինամիկան աշխարհում գնալով աճում է։ Տեխնոլոգիաների զարգացման և համացանցի՝ ավելի մեծ սփռման արդյունքում ի հայտ են եկել հանցագործության այնպիսի տեսակներ, ինչպիսիք են համակարգչային խարդախությունը, անձնական տվյալների հափշտակումը, վնասաբեր ծրագրերի տարածումը, ֆիշինգը և այլն։
2018 թվականին Հայաստանում գրանցվել է ինտերնետային խարդախության 167 դեպք, որոնցից բացահայտվել է 79-ը։ 2019 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում արդեն արձանագրվել է 178 դեպք և բացահայտվել 91-ը ։ Թե՛ համացանցում, թե՛ առօրյա կյանքում հաճախ հանդիպող ֆինանսական խաբեություններն ու խարդախությունները մարտահրավեր են ամբողջ աշխարհում։ Շատ հաճախ դրանց տարատեսակները Հայաստանում կիրառվում են՝ հիմնվելով այլ երկրների զեղծարարությունների օրինակների վրա։
Զեղծարարությունների և խարդախությունների բազմաթիվ օրինակներ կան, դրանք ծնող ստեղծագործ միտքն անսպառ է։ Համաձայն բջջային, առցանց և թվային ոլորտների ուսումնասիրությամբ զբաղվող «Juniper Research»-ի հետազոտությունների՝ 2019 թվականին կիբերհանցագործությունների արդյունքում աշխարհին պատճառված վնասը կազմել է մոտ 2 տրիլիոն դոլար։ «Trend Micro»-ի տվյալներով՝ չարաշահումների և կեղծիքների ճնշող մեծամասնությունը տեղի է ունենում ֆիշինգի միջոցով, այսինքն՝ էլեկտրոնային նամակների, որոնց նպատակն է ձեռք բերել օգտատերերի անձնական տվյալները։ Միևնույն ժամանակ մասնավոր ընկերություններից մեկի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կիբերհանցագործությունների զոհերը 80% դեպքերում չեն դիմում ոստիկանություն, ինչը նշանակում է, որ իրական պատկերը դեռևս տեսանելի չէ։
Հայաստանում հաճախակի են դեպքերը, երբ մարդիկ ստանում են էլեկտրոնային հաղորդագրություն, որում շարադարված է գեղեցիկ տեքստ այն մասին, որ նամակի հեղինակը X երկրի քաղաքացի է, որը ցանկանում է նոր ծանոթություններ հաստատել և մի օր էլ՝ գալ Հայաստան։ Որոշ ժամանակ շփվելուց հետո՝ անծանոթը հայտնում է, որ նվեր է ուղարկել։ Օրեր անց խարդախության «զոհը» զանգ է ստանում Y երկրից, զանգահարողը հայտնում է, որ մաքսատան աշխատակից է և տվյալ մարդու անունով ծանրոց է ստացել, որում կան շատ թանկարժեք իրեր։ Որպեսզի ապրանքը տեղ հասնի, հարկավոր է տուգանք վճարել։ Օգտատիրոջը ուղարկվում են մաքսատան կեղծված փաստաթղթեր, որոնք դժվար է տարբերակել բնօրինակից։ Վերջինս հավատում, փոխանցում է գումարը, սակայն «նվերը» չի ստանում։
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ շատ են դեպքերը, երբ մարդիկ հրաժարվել են հավատալ, որ խաբեության զոհ են դարձել։ Մարդիկ հաճախ նաև ամաչում են խոսել փոխանցված՝ իրական գումարի մասին. նախապես փոքր թվի մասին հայտնում, հետագայում պարզվում է, որ շատ ավելի մեծ գումար են փոխանցել։
Խաբության զոհ են դառնում հիմնականում 1960-ականներին և ավելի վաղ ծնված անձիք։
Խարդախություն՝ ինստագրամի միջոցով
Ինստագրամի հայկական տիրույթում գործում է @anahitaddamiann անունով կեղծ օգտահաշիվ, որը խաբեությամբ գումարներ էր փորձում շորթել քաղաքացիներից։ Կեղծարարը նամակով հայտնում էր իր հետևորդներին, որ նրանք շահել են էջի կողմից խաղարկվող iPhone XS բջջային հեռախոսը, իսկ մրցանակը ստանալու համար առաջարկում էր 5000 դրամ փոխանցել իր հաշվեհամարին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան