Բանակում կստեղծվեն սպորտվաշտեր
Այս պահին ՊՆ-ն չունի բոլոր մարզաձևերին համապատասխան մարզումներ անցկացնելու հնարավորություն, և մենք մեր գործընկեր ֆեդերացիաների հնարավորությունները պետք է օգտագործենք»,- այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում նշեց ՊՆ փոխնախարար Գաբրել Բալայանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։
Միքայել Մելքումյանն առաջարկել էր մի տեղում չկենտրոնացնել մարզական կենտրոնը. «Բայց մինչ այդ ուզում եմ հասկանալ՝ երբ է գործելու կենտրոնը, ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ և բազա կա, թե ոչ»։
Բալայանը նշեց, որ կառավարության կողմից կանոնադրության ընդունումից հետո արդեն ՊՆ նոր հաստիքների մասին հրաման կներկայացնի։ «Պարզ է, որ բոլոր ցանկացողները չեն կարող ներգրավվել, լավագույնները կընտրվեն, հանձնաժողովներ կստեղծվեն»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանն էլ հետաքրքրվեց, թե սպորտվաշտում ծառայելու համար ինչ նախապայմաններ են պետք և ինչ սկզբունքով են ընտրվելու տղաները։
Պատասխանելով հարցին՝ Բալայանը նշեց, որ կազմվելու է համապատասխան մասնագետների խումբ, որում ներգրավված են լիելու նաև ՊՆ և շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
«Եվ նվազագույն չափանիշներին համապատասխանելու դեպքում թեկնածուների ընտրություն կկատարվի։ Այսինքն՝ մենք պետք է մարզիկների մրցունակությունն ապահովենք»,- նշեց Գաբրիել Բալայանը։
Հիշեցնենք, որ օրենսդիրը քննարկում է «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու օրեքների նախագծերի փաթեթը։