Աննա Նաղդալյան. Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման
«Ադրբեջանն ավելի քան 30 տարի ձգվող իր հայատյաց քաղաքականությամբ փաստել է, որ որևէ պարագայում չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,-այսօր հրավիրած ճեպազրույցում հայտարարեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցում հնչեցրած հայտարարությունները։
Նա մի օրինակ բերեց, երբ Ադրբեջանի նախագահը մեղադրում էր հայերին Սումգայիթում հակահայկական ջարդեր կազմակերպելու համար, իսկ այդ միջավայրում անգամ ավելորդ է դիտարկել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի անվտանգության երաշխավորման հնարավորությունը։
«Սա իրողություն է, որը գիտեք, գեղեցիկ ձևակերպումներով հնարավոր չէ քողարկել։ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, իսկ այդ անվտանգությունը ենթակա չէ զիջման, չի կարող լինել որևէ իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի»,-ասաց Նաղդալյանը։
Խոսնակը հիշեցրեց, որ այս հարցերին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել Բրատիսլավայում իր ծավալուն ելույթում։
«Արտգործնախարարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, ինքնորոշումը, որը պետք է իրացվի առանց սահմանափակման ու հարկադրման»,-ասաց Աննա Նաղդալյանը։
ԱԳՆ խոսնակը մանրամասնեց, առանց սահմանափակման ասելով ի նկատի ունեն, որ Արցախի ժողովուրդը կարող է որոշել ինքնորոշման ցանկացած տարբերակ։
«Այն է՝ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ինքնորոշման իրավունքը պահպանել և սահմանել Ադրբեջանի ինքնիշխանությունից, իրավասությունից ու տարածքային ամբողջականությունից դուրս։ Այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար»,-ասաց Աննա Նաղդալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյան. Փաշինյանը կորցրել է բանակցային գործընթացի նկատմամբ խելամիտ ազդեցության լծակները
- Վարչապետի խոսնակ. Ճիշտ կլինի՝ Մնացականյանը կամ իր խոսնակն արձագանքեն Մամեդյարովի հայտարարությանը
- Մամեդյարովը վերջին բանակցայինի մասին. «Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են, և նրանց անվտանգությունն ամբողջությամբ կապահովվի»
- Զոհրաբ Մնացականյան. Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան