Զատուլին․ Հետաքրքրված ենք, որ Հայաստանի կերպարը Ռուսաստանում և Ռուսաստանի կերպարը Հայաստանում կրի միայն դրական երանգներ
Երևանում մեկնարկեց Լազարևյան ակումբի երրորդ նիստը, որը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի լրատվամիջոցներին, այն խնդիրներին, որ առաջանում են Ռուսաստանում Հայաստանի և Հայաստանում Ռուսաստանի վերաբերյալ լուսաբանման ժամանակ։ Նիստի խորագիրն է «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ներ․ անկեղծ զրույց»։
Խոսելով նիստի խորագրի մասին՝ Լազարևյան ակումբի համանախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը նշեց, որ Լազարևյան ակումբում շատ հետաքրքրված են, որ Հայաստանի կերպարը Ռուսաստանում և Ռուսաստանի կերպարը Հայաստանում կրի միայն դրական երանգներ, ինչը, ցավոք, միշտ չէ, որ այսպես է։
«Հասկանալի է, երբ կան ինչ-որ երրորդ երկրներ, որոնք դրանում հետաքրքրված են։ Սակայն լիովին անհասկանալի է, երբ մենք ինքներս՝ և Հայաստանում, և Ռուսաստանում, բախվում ենք իրադարձությունների, քաղաքականության ոչ ճիշտ գնահատկանների հետ, հարաբերությունների զարգացման վատատեսական սցենարների հետ և այլն։ Մենք ուզում ենք խոսել սրա մասին»,-ասաց Զատուլինը։
Նիստի մեկնարկին Զատուլինը նաև նշեց, որ արդեն գործում է ակումբի կայքը, միաժամանակ աշխատանքներ են տարվում ՌԴ-ում ու ՀՀ-ում ակումբի գրանցման ուղղությամբ։ Ակումբը սկսել է գրադարանային նախագիծ՝ Լազարևյան ակումբի հրատարակչություն, և արդեն իսկ հրատարակվել է առաջին 2 գրքերը ռուսերեն՝ թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ»-ը, երկրորդը՝ Լազարևյան ակումբի 2 նիստերի նյութերը։ Զատուլինը նշեց, որ արդեն հրատարակման է պատրաստվում երրորդ գիրքը, որը վերջին 25 տարիներին իր ելույթների ժողովածուն է հայ-ռուսական հարաբերությունների խնդիրների, ԼՂ կարգավորման վերաբերյալ ու կոչվում է, ինչպես ինքն ասաց, պրովոկացիոն վերնագրով՝ «Հայաստան․ ռուսական Իսրայելը Կովկասում»։ Զատուլինը նշեց, որ վերականգնում են Լազարևների տոհմի հիշատակը։
Նշենք, որ Լազարևյան ակումբը ստեղծվել է հայկական ու ռուսական մտավորականության, քաղաքական ու հասարակական գործիչների, մշակույթի գործիչների նախաձեռնությամբ նախորդ տարի։ Առաջին նիստը 1 տարի առաջ տեղի էր ունեցել Երևանում, որը նվիրված էր տարածաշրջանում անվտանգության ու պաշտպանության հարցերին։ Ընթացիկ տարվա մարտին ակումբի երկրորդ նիստն անցկացվել էր Մոսկվայում, որը նվիրված էր տնտեսության, ներդրումների հարցերին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան