Մեր իշխանության դիրքորոշումը չի փոխվել. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատուն
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն անդրադարձել է դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը,գրում է ermenihaber-ը:
Դեսպանատան մամուլի խոսնակը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ ամերիկյան իշխանության դիրքորոշումն այդ բանաձևի ընդունումից հետո փոփոխություն չի կրել:
«Իշխանության դիրքորոշումը չի փոխվել: Մեր տեսակետներն արտացոլվել են անցած ապրիլին նախագահի (Դոնալդ Թրամփի) կատարած վերջին հայտարարության մեջ»,-ասել է խոսնակը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ին ունեցած ելույթում 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները բնութագրելու համար օգտագործել էր ոչ թե ցեղասպանություն եզրույթը, այլ հայերեն որակել «Մեծ եղեռն»: