Մենենդես․ Շնորհակալ եմ, որ այս բանաձևն ընդունվեց, երբ դեռ ողջ են Ցեղասպանությունը տեսած մարդիկ
Ինչպես արդեն հայտնել էինք, ԱՄՆ Սենատը նախօրեին առանց առարկության և քվեարկության միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանույունը ճանաչող համար 150 բանաձևը, որը ովանդակային առումով կրկնում է Ներկայացուցիչների պալատի վերջերս ընդունած բանաձևի տեքստը:
Իր ելույթում բանաձևի դեմոկրատ համահեղինակ, սենատոր Մենենդեսը նշեց, որ բանաձևի ընդունմամբ Սենատը հաստատում է ճշմարտությունը: Մեջբերում անելով ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուելի գրքից՝ սենատորն ընդգծեց՝ ԱՄՆ արձագանքի բացակայությունը Թուրքիայի գործողություններին առաջացրեց անպատժելիության նախադեպ, որն ըստ սենատորի այժմ դադարեցվում է:
«Շնորհակալ եմ, որ այս բանաձևն ընդունվեց, երբ դեռ ողջ են Ցեղասպանությունը տեսած մարդիկ: Եվ նրանք ի վիճակի կլինեն տեսնելու, որ Սենատը ճանաչում է այն, ինչի միջով նրանք անցել են»,- հուզական իր ելույթն ավարտեց Մենենդեսը:
Բանաձևի հանրապետական համահեղինակ, սենատոր Թեդ Քրուզն էլ իր ելույթում ընդունումը որակեց երկու կուսակցությունների ձեռքբերում: Նրա կարծիքով ԱՄՆ բարոյական պարտավորություն ունի մեկ ու կես միլիոն հայ նահանտակների առջև: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Մենենդես-Քրուզ բանաձևը վերահաստատում է Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից»,- ընդգծեց սենատոր Քրուզը:
Անկարան դատապարտեց ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի անցկացումը, ինչպես նաև նախօրեին Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին Սենատի ընդունած օրենքը:
Նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալին իր թվիթերյան գրառման մեջ Ցեղասպանության բանաձևի ընդունման որոշումն անվանել է «դատարկ» և «անիմաստ», որը հետ չի պահի Թուրքիային իր դիրքերից:
Պաշտոնական Երևանն իր հերթին ողջունեց բանաձևի ընդունումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնեց ԱՄՆ Սենատին այս բանաձևի ընդունման համար:
Երախտագիտություն հայտնելով ԱՄՆ սենատորներին՝ բանաձևի ընդունումը ողջունեցին նաև ամերիկահայ կառույցները՝ այն գնահատելով որպես հստակ ազդանշան Անկարային: Վերջիններիս հայացքներն այժմ ուղղված է դեպի վարչակազմ:
«Բանաձևը չի պահանջում նախագահի ստորագրություն: Քանի որ Կոնգրեսի երկու պալատները փաստորեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այժմ պետք է ակնկալենք, որ վարչակազմը ճիշտ քայլերի կդիմի և Հայոց ցեղասպանության մասին խոսելիս կօգտագործի ցեղասպանություն եզրը»,- նշում է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանը:
«Հիմա աշխատանքը պետք է շարունակվի Սպիտակ տան հետ, որ վերջնականապես վերջ դնենք Ցեղասպանության մերժման և մեղսակցության կեցվածքին»,- հայտնում է Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Էլիզաբեթ Չուլջյանը:
ԱՄՆ վարչակազմի կողմից դեռևս որևէ արձագանք չի հնչել այս կապակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունն ու սատարեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան