Չավուշօղլուն ԱՄՆ Սենատի բանաձևն անվանել է «քաղաքական բեմադրություն»
Թուրքիայում բուռն արձագանք է առաջացրել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։ Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները Սենատի որոշումը դատապարտող հայտարարություններ են անում։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Թուրքիայի նախագահականից հետո չուշացավ նաև ԱԳՆ արձագանքը։ ԱՄՆ Սենատի որոշմանը արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն։ Նա թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ասելով.
«ԱՄՆ-ի սենատի որոշումը քաղաքական բեմադրություն է։ Այն իրավական հենք և ուժ չունի։ Նրանք ովքեր պատմությունը օգտագործում են քաղաքական նպատակներով՝ վախկոտներ են, ովքեր չեն ցանկանում առերեսվել պատմության հետ»։
Արձագանքել է նաև Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա նշել է, որ այս որոշումը « թե քաղաքական, թե տնտեսական, ռազմական, ոլորտում Թուրքիայի վճռական դիրքորոշման վրա ոչ մի կերպ ազդեցություն չի կարող ունենալ»։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ սենատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։
Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձևը, որն ընդունվել է միաձայն, պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը: Այն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը՝ մերօրյա վայրագությունները կանխելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային մամուլը՝ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին
- ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև