Վլադիմիր Կազիմիրով. Փաստաթղթի ստորագրումից հետո Հեյդարը սկսեց տանջել ինձ
«Չկա ուրիշ անօգուտ բան, քան լրագրողների հետ վիճելն է։ Դժվար թե ես հաղթեմ այդ վիճաբանության մեջ, սակայն երբեմն առանց դրա հնարավոր չէ»,- այսօր Երևանում մեկնարկած Լազարևյան ակումբի նիստում ասաց ռուսաստանցի դիվանագետ, 1992–1996թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստի խորագիրն է «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ներ․ անկեղծ զրույց»։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին ու այն ուժով լուծելու փորձին՝ Կազիմիրովը նշեց, որ այն հանգեցրեց ԽՍՀՄ-ում առաջին զինված հակամարտությանը հայերի ու ադրբեջանցիների միջև մոտ 3 տարի։ Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի բանակցությունները 1994 և 1995թթ․-ներին տվեցին հրադադար ու համաձայնություն կրակի դադարեցման մասին։
«Իսկ ահա 23 տարի բանակցություններն առանց Լեռնային Ղարաբաղի չտվեցին ոչ մի համաձայնագիր»,-ասաց Կազիմիրովը, հավելելով, որ որոշակի նվազեցված, բայց լարվածությունը պահպանվում է շփման գծում ու Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։
2019թ․-ի մայիսին, ինչպես ասաց Կազիմիրովը, լրացավ հրադադարի կնքման 25 տարին։ Այն թեթևացրել է երկու ժողովուրդների կյանքը, հատկապես Լեռնային Ղարաբաղում ապրողների, սակայն տարիների ընթացքում մոռացվում է ինչը և ինչպես են դրան հասել։
Կազիմիրովը նշեց1995թ․-ին ՌԴ կողմից ԵԱՀԿ համանախագահ դառնալը, որը մինչ այդ, իր խոսքերով, գործում էր Վաշինգտոնի ցուցումով։Հաղթահարելով հակամարտության կողմերի համառությունը՝ Ռուսաստանը երբեմն գնում էր քայլերի, որոնք հայտնի չէին համաձայնությունների կնքման միջազգային պրակտիկայում։
Ռազմական գործողությունների դադարեցմանը, Կազիմիրովի խոսքերով, հաջողվել է հասնել 3 փուլով, որը «հասկացված չէ շատ լրագրողների կողմից»։Առաջինը ԱՊՀ երկրների ղեկավարների հայտարարությունն էր, որոնցում ասվում էր հրադադարի անհապաղ հաստատման ու դրա ամրապնդման մասին։Երկրորդը Բիշքեկի արձանագրություններն են։ Ինչպես նշեց Կազիմիրովը, այդ ժամանակ հակամարտության մասնակիցների մոտ գերակայում էր խնդրի ռազմական լուծումը, սակայն պետք էր ժողովուրդների համար բացել խաղաղ հեռանկարը։
«Այդ ժամանակ ադրբեջանցիները, որոնք փորձում էին հասնել հակամարտության ռազմական լուծման, հայտնվեցին հիմար վիճակում։ Ձմեռային հակահարվածը ձախողվեց»,-ասաց Կազիմիրովը, նշելով, որ արդյունքում Գուլիևը ստորագրել է Բիշքեկի արձանագրությունները։
Երրորդ փուլն արդեն համաձայնությունն էր կրակի դադարեցման, որը ձգձգվեց մի քանի օր Ադրբեջանի դիրքորոշման պատճառով։
«Մայիսի 9-ին Բաքվում հաջողվեց կազմել համաձայնության նախագիծ, որն ուղարկվեց Լեռնային Ղարաբաղ, Հայաստանի Հանրապետություն։ Եվ Հեյդար Ալիևը հանձնարարեց կնքել հրադադարը՝ ո՞ւմ հետ, Լեռնային Ղարաբաղի հետ։ Միայն փաստաթղթի ստորագրումից հետո Հեյդարը սկսեց տանջել ինձ՝ թե եկեք հասնենք նաև Հայաստանի ստորագրմանը։ Մենք էլ էինք դրանում հետաքրքրված՝ որպես միջնորդներ, որ Հայաստանն էլ միանար, բայց վստահ չէինք, որ կհաջողվի դրան հասնել»,-ասաց Կազիմիրովն ու հավելեց, որ արդեն երեկոյան Հայաստանից փաստաթուղթը ստորագրելու համաձայնության պատասխան ստացվեց։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին