Մահացել է աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանը
60 տարեկան մահացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանը: Panorama.am-ը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից տեղեկացավ, որ Բենուր Փաշայանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 16-ին: Մահվան պատճառը սրտի անբավարարությունն է եղել:
ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի հաղթող, աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Բենուր Փաշայանը ծնվել է 1959 թ. նոյեմբերի 14-ին Ախալքալաքում: Ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտը (1985)։ 1983-ի աշխարոի առաջնությունում արժանացել է «լավագույն ըմբիշ» հատուկ մրցանակի։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Նա ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1999-2000թթ.: Ըմբիշի կարիերան ավարտելուց հետո Բենուր Փաշայանը զբաղվել է նաև մարզչական աշխատանքով: