Այս տարի աշխատանքի է տեղավորվել ավելի քան 11 հազար աշխատանք փնտրող, որից 7794-ը՝ կին
2019 թվականը բավականին դժվար, բայց ավելի շատ նախապատրաստական տարի էր: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նրա խոսքով՝ այս տարի իր ղեկավարած կառույցն աշխատել է համակարգային փոփոխություններ մտցնել ուղղությամբ, մասնավորապես, բոլոր ոլորտներում նախաձեռնել են բարեփոխումներ, իրականացրել են ուսումնասիրություններ, քննարկել են տարբեր մոդելներ քննարկել:
Զարուհի Բաթոյանը նշեց, որ նախարարության համար կարևոր է երեք սկզբունք՝ գնահատել քաղաքացիների իրական կարիքները, մշակել համապատասխան քաղաքականություն և ապահովել ծրագրերի փոխկապակցվածությունը:
Նրա խոսքով՝ կառավարության կարևոր քաղաքականությունն ուղղված է աշխատանքի խրախուսմանը, քանի որ աշխատանքն այն միջոցն է, որը պետք է դառնա աղքատության հաղթահարման եթե ոչ միակ, ապա հիմնական սկզբունքը։
Անդրադառնալով աղքատության հաղթահարմանը՝ Զարուհի Բաթոյանը նշեց, որ պետությունը պետք է ստեղծի պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան զարգացնել իրենց հմտությունները, մասնագիտական կարողությունները և զբաղվեն աշխատանքային գործունեությամբ։
Նախարարը նշեց, որ աշխատանքի խրախուսման նպատակով առաջիկայում կքննարկեն պայմանով նպաստի ներդրման հարցը։ Այն, ըստ նրա, ենթադրում է աշխատանքային հնարավորությունների տրամադրում գործազուրկ այն անձանց, որոնք աշխատունակ տարիքի են, կարող են աշխատել, սակայն ունեն մասնագիտական, խորհրդատվական աջակցության կարիք կամ աշխատատեղի մասին տեղեկատվության պակաս։
«Սրանով մենք կկարողանանք խրախուսել այն մարդկանց, որոնք կարող են աշխատել, բայց ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել զբաղվածության ծրագրերից»,- ասաց նա։
Զարուհի Բաթոյանը նշեց նաև, որ Զբաղվածության ծրագրերով հավաքագրվել է ավելի քան 4000 թափուր աշխատատեղ, որոնց մասին տեղեկատվությունը տեղադրված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Զբաղվածության գործակալության կայքում։
Նրա խոսքով՝ այս տարվա ընթացքում կազմակերպել են 10 աշխատանքի տոնավաճառ, որոնց մասնակցել է շուրջ 367 գործատու՝ ներկայացնելով 13500 թափուր աշխատատեղ։ «2019 թվականի ընթացքում Զբաղվածության գործակալության միջոցով աշխատանքի է տեղավորվել ավելի քան 11 հազար աշխատանք փնտրող, որոնցից 7794 կանայք են, 3483-ը՝ երիտասարդներ և 203-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք»,- նշեց նախարարը։