Սևանն՝ առանց ձկան և խեցգետնի
«Սիգի պահպանություն գոյություն չունի. ամեն օր էլ վաճառում են և՛ բազմացող առանձնյակներ, և՛ ձկնկիթ»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:
Գաբրիելյանի խոսքով, գոնե բազմացման շրջանում՝ դեկտեմբերի 1-ից հունվարի 10 ժամանակահատվածում, պետք է արգելեն ձկան որսը, որպեսզի ձկան այս տեսակը պահպանվի.«Բայց բացի ձվադրման շրջանից, մենք պետք է պահպանենք նաև նախաձվադրման շրջանը, որպեսզի բուն ձվադրման շրջանում լինեն ձկներ, որոնք կձվադրեն։ Իսկ նախարարությունը միայն ձվա դրման շրջանում է արգելք դնում, սակայն դա էլ ամսի 20-ից է արվելու, իսկ ես վախենամ՝ մինչ այդ էլ լճում ձուկ չմնա»։
Թեև սիգ ձկնատեսակի որսը արդեն մի քանի տարի է՝ արգելված է, այնուամենայնիվ ձկնորսները շարունակում են իրենց գործը. դրա վառ ապացույցներից են տարվա այս շրջանում մայրաքաղաքի ամեն քայլափոխում հանդիպող սիգի ու ձկնկիթի տաղավարները։
«Ձկան որսի արգելք կա, բայց խանութներում Սևանի սիգի պահածոներ են վաճառվում, այսինքն՝ այդքան մեծ պաշարով որսում են, որ կարողանում են պահածոյացնել»,- նշում է Գաբրիելյանը։
Բացի այն, որ այժմ անխնա որսում են ձվադրող սիգը, լճի մյուս «բնակիչներից» խեցգետինները ևս վերացման վտանգի տակ են։ Բարդուղ Գաբրիելյանի խոսքով, նախորդ տարվա համեմատ 10 անգամ պակասել է խեցգետնի պաշարը։
«Սևանա լճում մենք ունենք խեցգետնի բավականին խզված պաշար։ Դա պայմանավորված է 2 հանգամանքներով. առաջինը՝ գերորսն է, որը կապված էր նոր տեսակի խեցգետնաորսիչների ներկրմամբ, որոնք որսում էին բոլոր չափի խեցգետիններին։ Արդյունքում մայրական մեծ առանձնյակներին զուգահեռ որսում էին նաև չհասունացած խեցգետիններին։ Սակայն իրականում գոյություն ունի խեցգետնի որսի թույլատրելի չափ՝ 9 սմ։ Ես անգամ տեղեկություն ունեմ, որ խեցգետնի պաշարները ափամերձ հատվածներում օգտագործում են՝ որպես անասնակեր»,- նշեց Գաբրիելյանը։
Գաբրիելյանն ասաց, որ պատրաստվում է դիմել կառավարությանը, որպեսզի 2020 թվականին խեցգետնի որսի արգելք դրվի. «Բացի այն, որ խեցգետինն ունի արդյունագործական նշանակություն, այն նաև սնվում է ջրի հատակային օրգանական նյութով՝ մաքրելով ջուրը։ Դա առաջ անում էր կողակ ձուկը, սակայն այդ պոպուլյացիան վերացել է լճից։ Իսկ մենք չենք կարողանում կողակի մայրացու գտնել, որպեսզի լճում բազմացնենք այդ ձկան պաշարը։ Բացի այդ, մենք խնդրելու ենք ուշադիր լինել ափամերձ ֆերմաներին, որոնք խեցգետին են աճեցնում և դառնում են որոշակի հիվանդությունների տարածման աղբյուր»։
Նշենք, որ Սևանա լճում նախորդ տարեվերջին եղել է սիգի 740 տոննա արդյունագործական պաշար, իսկ այս տարի նկատվել է այդ պաշարի կորուստ՝ 100 տոննայի չափով։
Անդրադառնալով տարեսկզբին կառավարության հնչեցրած անվստահությանը, ըստ որի՝ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը սխալ հաշվարկներ է իրականացնում՝ Գաբրիելյանը նշեց, որ չի հասկանում՝ ինչպես կարող է իշխանությունը հավատալ ձկնորսներին և շուկաներում իրականացված հաշվարկներին, այլ ոչ գիտնականներին։
«Սակայն իրենք էլ տեսնում են, որ մեր բոլոր զգուշացումներն ու կանխատեսումներն իրականանում են։ Մենք այժմ էլ ձեռք ենք բերել էխոլոդ կոչվող սարքը, սակայն դրա ծրագրային փաթեթը չունենք։ Հիմա հաջորդ տարի հույս ունենք նաև դա ձեռք բերել և լճի ամբողջական ստուգումներ անցկացնել սեփական միջոցներով», ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին