Արագածոտնի մարզում մտահոգիչ են մնում բնակարանային գողությունները և անասնագողություններ
Արագածոտնի մարզում այս տարվա 11 ամիսներին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 22 դեպք, որից 4-ը՝ ուսումնական հաստատություններում, 18-ը՝ ՏԻՄ մարմիններում: Նման տվյալներ է հրապարակել Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանը։
Ըստ նրա, դրանցից 21-ով հարուցվել է քրեական գործ, իսկ 1 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ գործուն զղջալու հիմքով՝ պատճառված վնասը վերականգնելու արդյունքում: Բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերը կատարվել են նախորդ տարիներին, որոնցով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 25.2մլն ՀՀ դրամ, վերականգնվել՝ 11.2մլն դրամը: Մնացած մասով կիրառվել են ներգործության միջոցներ:
Նրա խոսքով, պետական շահերի պաշտպանության ոլորտում շեշտադրվել է մարզի տարածքում գործող հանքարդյունաբերող 35 ընկերությունների՝ շրջակա միջավայրի պահպանության վճարների գծով պարտավորությունների չկատարման խնդիրը: Դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում այդ պարտավորությունը չկատարած ընկերությունները վերականգնել են 4.6 մլն ՀՀ դրամ:
Նշվել է, որ մարզի դատախազության ուշադրության կենտրոնում է ընտանեկան բռնության դեմ պայքարում դատախազական լիազորությունների պատշաճ գործադրումը: 2019թ. ընտանիքում արձանագրված բռնության դեպքերի գրանցման և ընթացքի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից կատարվել են ենթադրյալ բռնությունից տուժած անձանց ընդունելություններ: Դրանց արդյունքում 2 դեպքով պարզվել է տուժողի՝ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու հանգամանքը, և բողոքի բացակայության պայմաններում դատախազները, օգտվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով վերապահված իրենց լիազորություններից, հարուցել են քրեական գործեր:
Մարզի տարածքում նախորդ տարվա համեմատ նվազել են ավազակային հարձակման դեպքերը, ակտիվ պայքար է մղվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ: Մարզի դատախազության համար առավել մտահոգիչ են մնում բնակարանային գողությունները և անասնագողությունները:
Բնակարանային գողությունների գերակշիռ մասը կատարվել է չբնակեցված բնակարաններից, ամառանոցներից: Թեև այս գողությունների բացահայտման տոկոսային ցուցանիշը որոշակիորեն աճել է, սակայն արդյունավետությանը խոչընդոտող հիմնական գործոններից է մնում հանցագործության գերակշիռ մասի վերաբերյալ տեղեկությունը ոստիկանությանը, հենց չբնակեցվածության պատճառով, տևական ուշացումով փոխանցելու հանգամանքը: