Մեկ ու կես տարում ծայրահեղ վնաս է կրել Արցախի սուբյեկտայնությունը. Էլիբեգովա
«Քարոզչական պատերազմը, և Նժդեհի շուրջ ծավալվող ադրբեջանական քարոզչական հարվածը բոլոր հարթակներում է գնում՝ և՛ պաշտոնական, և՛ փորձագիտական, և՛ ԶԼՄ-ներում, և որ ամենավտանգավորն է՝ պրակտիկ դաշտում»,- այս մասին Արցախի հարցի վերաբերյալ «Ադեկվադ» դիսկուրսի ընթացքում նշեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Էլիբեգովայի խոսքով, ՌԴ Արմավիր քաղաքում վանդալների կողմից Նժդեհի հուշատախտակի պղծումը ասվածի վառ օրինակ է. «Էստեղ պետք է ֆիքսել, որ մի ամիս առաջ իրենք զգուշացրել էին, որ դա անելու են, և արեցին, որովհետև ունեին 1 ամիս ժամանակ ազատ գործելու»։
Բացի այդ, երբ Ալիևը խոսում է թուրքական աշխարհի միավորման համար միակ խանգարող հանգամանքի՝ Զանգեզուր մասին, և ակնարկում է՝ Արցախից հետո հաջորդը Զանգեզուրն է, ըստ Էլիբեգովայի, շատ քիչ մարդկանց է հայտնի, քանի որ դա այդ պահին իշխանությանը պետք չի եղել։
«Տպավորություն ա ստեղծվում, որ էնտեղ վերաբերմունքը մեր հանդեպ շատ հանգիստ ա, բայց դա էդսպես չի։ Ոչ հայատյացության, և ոչ էլ ռազմատենչության աստիճանը չի իջել։ Տեղեկատվության տրամադրման աստիճանի բարձրացումից ու իջեցումից Ադրբեջանում ոչինչ չի փոխվում։ Էս կոնտեքստում երրորդ օրինակը լրագրողների փոխայցն է։ Ինչ տվեց դա։ Եկան մի խումբ լրագրողներ, հավաքեցին իրենց միֆերը հայերի մասին, ստացան կոնցեպտ, որ Հայաստանում ամեն ինչ վատ ա, սով ա, հիմա շուտով Արցախյան հարցը կլուծվի հօգուտ Ադրբեջանի։ Այսինքն՝ իրենք ստացան պատկեր, որ Երևանում հետաքրքրված չեն Արցախի հարցով, կա պառակտում, էդ բոլոր ադրբեջանական քարոզչական թեզերը ապացուցելու համար իրենք ամեն ինչ ստացան, իսկ բուն իրականությունը մնաց կադրի հետևում»,- նշեց Անժելա Էլիբեգովան։
Ադրբեջանագետի խոսքով, Հայաստանը քարոզչական պատերազմում վերջին մեկ ու կես տարում, վերջապես կարողացավ ստանալ ինչ-որ դիրքորոշում Արցախյան հարցի շուրջ։
«Մեր դիրքորոշումը պետք է նաև ուղղորդվի քարոզչական գործունեությամբ։ Երեկ փաստացի Ալիևը ստորագրեց գործողությունների պլան՝ «սև հունվարի» միջոցառումների վերաբերյալ։ Ի՞նչ ենք անելու մենք, մնացել է մոտավորապես 1 ամիս։ Դրան պետք էր պատրաստվել դեռ հունիսից։ Երկրորդը՝ իրենց մոտ խորհրդարանական ընտրություններ են։ Բոլորը հայատյաց հայացք են ցուցաբերում՝ որպես խաղաքարտ ընտրություններից առաջ։ Արդյոք մենք պատասխանում ենք դրան»,- նշեց Էլիբեգովան։
Անդրադառնալով ռազմական փոխօգնությանն ու ռազմավարական դաշինքին՝ Էլիբեգովան նշեց, որ նաև կարևոր է դրա քարոզչությունը. «Այս դեպքում մենք կկոտրենք ադրբեջանական թեզերից մեկը, թե ինչ գործ ունեն ՀՀ քաղաքացիները ՊԲ-ում։ Թեման դրանով մեկընդմիշտ կփակվի։ Երկրորդը Արցախի սուբյեկտայնությունը. մեկ ու կես տարում ծայրահեղ վնաս է կրել Արցախի սուբյեկտայնությունը։ Երբ մենք իջեցնում ենք դիսկուրսը՝ Արցախը Հայաստանի մարզ է կարգավիճակի, մենք զրոյացնում ենք մեր շանսերը՝ բանակցային սեղանի շուրջ Արցախը վերադարձնելու հարցում։ Հիմա նման համաձայնագիրը բարձրացնում է սուբյեկտայնությունը»։
Ինչ վերաբերում է ադրբեջանական համայնքի դերի բարձրացմանը՝ Էլիբեգովան նշեց, որ այդ նախկին մարգինալ համայնքը այժմ Արցախի հարցի վերաբերյալ տարբեր քննարկումների է մասնակցում։
«Իսկ դա վատ է, նրանց մասին արդեն խոսում են։ Բայց նրանց մակարդակը պիտի չբարձրանա մեր՝ փախստականների հարցով զբաղվող ինչ-որ ՀԿ-ի մակարդակից։ Եվ մենք պետք է քայլեր անենք, որ այդ կառույցը Արցախի հարցով որևէ բանակցային սեղանի շուրջ չնստի։ Դա մեզ համար որևէ կերպ ընդունելի չէ»,- եզրափակեց խոսքը Անժելա Էլիբեգովան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան