«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների իրացումը
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից կատարվել է պոլիէթիլենային փաթեթավորմամբ զանգվածի ներնետում հիմնարկի տարածք։
ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ դիտաշտարակի ծառայողի ահազանգով ներնետման վայր մեկնած խմբի ծառայողների կողմից հայտնաբերվել է փաթեթ, որին ծանրությունն ապահովելու համար կպչուն ժապավենով ամրացված է եղել երկաթե երկու ծխնի։
Հայտնաբերվածում առանձնացված 7 փաթեթներում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ՝ 34․8 գրամ ընդհանուր քաշով։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։