Վարդան Ոսկանյան. Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով օրեր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցին, գրել է.
«Չգիտեմ՝ ուշադրություն դարձրե՞լ եք, թե՝ ոչ, բայց Բաքվի բռնապետական վարչակարգի արտգործնախարարը մեզ, ըստ էության, սպառնում է ասպես կոչված «ռազմավարական համբերությամբ» («стратегическое терпение»), որը հիմնված է այդ վարչակարգի ունեցած ֆինասնական միջոցների առատության վրա։
Այս եզրը առաջին անգամ կարծես թե կիրառվել է ԱՄՆ պետաքարտուղարի կողմից Հյուսիսային Կորեայի առնչությամբ և պարզ ասած, ենթադրում է համբերություն կամ սպասում, որի ընթացքում կողմերից մեկն էլ ավելի կթուլանա, իսկ մյուսը կհզորանա և այդպիսով կստանա խնդիրն իր օգտին լուծելու իրական հնարավորություն։
Կարծում եմ՝ Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» («ассиметричное стратегическое истощение») քաղաքականությունը, որը միտված պետք է լինի հնարավորին նվազ միջոցների ծախսով անդառնալիորեն հյուծելու սպասման մեջ գտնվող Բաքվի բռնապետական վարչակարգը ռեսուրսային և բարոյահոգեբանական տիրույթներում նաև հենց Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում»։