Վրաստանի ՄԻՊ. Քաղաքացիներին ստիպում են մասնակցել է «Վրացական երազանք»-ի հանրահավաքին
Վրաստանի տարբեր շրջանների բնակիչներին ստիպում են մասնակցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հանրահավաքին։ Ճնշումների մասին ահազանգում է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան։
«Համաձայն Աջարիայից, Քվեմո Քարթլիից, Շիդա Քարթլիից, Սամցխե Ջավախեթիից, Կախեթիից, Գուրիից ստացած տվյալների, կրթական հաստատությունների՝ մանկապարտեզների, դպրոցների, երաժշտական դպրոցների, ինչպես նաև ՏԻՄ-երի աշխատակիցները ենթարկվել են ուղիղ կամ անուղղակի ճնշումների՝ մասնակցելու դեկտեմբ երի 14-ին Թբիլիսիում կայանալիք հանրահավաքին»,-ասել է ՄԻՊ-ը՝ ավելացնելով, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն, այդ մարդիկ աշխատավայրում խնդիրներ կունենան, եթե չմասնակցեն հավաքին։
Aliq.ge-ի փոխանցմամբ, այս պահին հազարավոր քաղաքացիներ Վրաստանի տարբեր շրջաններից Թբիլիսի են եկել՝ մասնակցելու իշխող «Վրացական երազանք» կուսակցության մեծամասշտաբ հանրահավաքին։
Իշխանությունը հայտնել է, որ կողմնակիցների ու ակտիվիստների հավաքի առիթը Եվրոպայի խորհրդում Վրաստանի նախագահության տոնակատարություններն են։
Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախագահ երկրի կարգավիճակ պաշտոնապես ստացել է նոյեմբերի 27-ին։ Իշխող կուսակցությունն այս առիթը տոնել որոշել է գրեթե մեկ ամիս անց։
Այդ իրադարձությունը տոնվում է հանրահավաք-համերգով՝ «Վրաստանի ուղին՝ դեպի Եվրոպա» կարգախոսի ներքո։ Հիմնական միջոցառումը նախատեսված է ժամը 16։00-ին՝ Թբիլիսիի Հանրապետության հրապարակում։ Քաղաքում տրանսպորտի երթուղիները փոփոխվել են, կենտրոնական փողոցներում երթևեկությունը սահմանափակ է։ Խցանումներ են հիմնական փողոցներում, մարդկանց կուտակումներ՝ մետրոյում։
Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքապետ և իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն ասել էր, որ միջոցառման նախաձեռնողը կուսակցության երիտթևն է։ Ըստ Կալաձեի՝ սա ուղղված է այն մարդկանց, «ում համար Վրաստանի եվրոպական ապագան կարևոր ու արժեքավոր է»։ Իշխանությունը բոլոր համախոհներին հրավիրել է հանրահավաքի ու շրջաններից եկողներին տրանսպորտ տրամադրել։